Ավտովարկ

2717
ավտովարկ

Որոշե՞լ եք նոր ավտոմեքենա ձեռք բերել: Ընտրե՞լ եք մակնիշը, մոդելը և գույնը: Սրանով Ձեր գործը չի ավարտվում, եթե Դուք անհրաժեշտ գումարը ձեռքի տակ չունեք: Դա նշանակում է, որ Դուք դեռ չեք ավարտել գործի ամենաբարդ մասը՝ փաստաթղթերի ստորագրումը:

Հայաստանում ավտովարկերը ունեն հետևյալ հիմնական առանձնահատկությունները.

  1. Բոլոր ֆինանսական կազմակերպությունները ավտովարկ տրամադրելու դեպքում պահանջում են կանխավճար: Կանխավճարի շեմը տատանվում է միջինում  ավտոմեքենայի գնի 25-30%-ի մեջ: Որքան մեծ գումար եք վճարում որպես կանխավճար, այնքան ցածր է լինում տարեկան տոկոսադրույքը:
  2. Բանկերն ու վարկային կազմակերպություններն ավելի ցածր տոկոսադրույք են առաջարկում, եթե ավտոմեքենան ձեռք եք բերում իրենց գործընկեր դիլեր կազմակերպություններից:
  3. Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպությունները ավտովարկ տրամադրում են առավելագույնը 5 տարի մարման ժամկետով:
  4. Ավտովարկերի դեպքում տրամադրվող գումարը 1 մլն դրամից- 25 մլն դրամի միջակայքում է:
  5. Ինչպես կանխավճարը, այնպես էլ տոկոսադրույքը կախված է ավտոմեքենայի արտադրության տարեթվից և մակնիշից: Որպես կանոն, հին մեքենայի դեպքում պայմաններն ավելի խիստ են, քան նորերի դեպքում։ Միաժամանակ, պայմաններն ավելի խիստ են, եթե Դուք պլանավորում եք ռուսական արտադրության մեքենա ձեռք բերել:

Ստորև ներկայացնում ենք խորհուրդներ՝ ինչ անել ավտովարկ վերցնելուց.

  1. Միշտ բանակցե՛ք գինը.

Գուցե առաջին հայացքից այս հարցը պարզ թվա, սակայն սա ավտոմեքենայի դիլերների կողմից հաճախ գործածվող մոտեցում է: Նրանք հարցնում են հաճախորդներին՝ ինչպես են ուզում վճարել կամ ամսական ինչքան գումար են ի վիճակի վճարել: Արդյունքում ավտոմեքենայի գինը կկազմի այն մաքսիմալ թիվը, որ Դուք կկարողանաք վճարել X ժամկետում: Բանակցե՛ք գինը և ոչ ամսական վճարումները:

  1. Գնել օգտագործված թե՞ նոր ավտոմեքենա

Սա բավականին դժվար հարց է, քանի որ որոշ մարդիկ նախընտրում են գնել ավելի քիչ ֆունկցիոնալությամբ կամ ավելի հին մոդելի ավտոմեքենա, սակայն նորը, ուրիշների համար կարևոր է ավտոմեքենայի մոդելը և կարող են գնել օգտագործված ավտոմեքենա:

Հասկացե՛ք Ձեր նախասիրությունները, ինչպես նաև որքան կկազմի տոկոսագումարը 2 տարբերակների դեպքում:

  1. Փորձե՛ք մաքսիմալ կարճ ժամկետում մարել վարկը

Հաճախ բանկերը առաջարկում են երկարաժամկետ վարկեր և գրավում են հաճախորդներին շահավետ թվացող ամսական մարման փոքր գումարով: Սա աբսուրդ է, քանի որ մեքենան արժեզրկվող ակտիվ է  և կորցնում է իր արժեքը տարեցտարի: Ընտրե՛ք առավելագույնը 4 կամ 5 տարի մարման ժամկետով ավտովարկեր: Հիշե՛ք 60 ամսից երկար մարման ժամկետ ունեցող վարկը սխալ կլինի, քանի որ ի վերջո կսկսեք վճարել արդեն ոչ պիտանի ավտոմեքենայի համար:

  1. Հրաժարվե՛ք լրացուցիչ ծառայություններից

Դիլերները Ձեզ վրա կփորձեն վաճառել ցանկացած լրացուցիչ իրեր: Դրանք կարող են լինել ներկի կամ կտորի պաշտպանության միջոցներ, ահազանգեր և այլն: Նման հավելյալ միջոցներ իհարկե բոլորս ենք ուզում, սակայն կարելի է գնել որևէ այլ խանութից ավելի էժան գնով կամ մի փոքր սպասել մինչև կունենաք հավելյալ գումար: Վարկով վերցրեք միայն ավտոմեքենան:

  1. Ավտովարկ վերցնելուց մի՛ առաջնորդվեք էմոցիաներով

Ավտոմեքենա գնելը շատ հաճախ էմոցիոնալ որոշում է: Երբեմն ընտրություն կայացնելուց հետո դժվար է հետ կանգնել: Եթե վստահ չեք, որ Ձեր բյուջեով կկարողանաք ամսական մարումները անել, պատրաստ եղեք էմոցիաները մի կողմ դնելով հրաժարվել ընտրած ավտոմեքենայից և գտնել ավելի հարմար տարբերակ: Չմոռանաք նաև, որ ավտոմեքենա ունենալու հետ կապված ամսական ընթացիկ ծախսերը ևս կունենաք (վերանորոգում, անվադողեր, վառելիք և այլն):

Շտապել պետք չէ և խորհուրդ ենք տալիս դիմել մի քանի ընկերությունների: Փնտրե’ք այնքան մինչև գտնեք ամենահարմար տարբերակը: Հիշե՛ք` ավտովարկը կարճաժամկետ վարկատեսակ չէ և տոկոսագումարները էական են:

Գուցե՞ Ձեր կհետաքրքի նաև մեր գրառումը՝ ինչպես գումար խնայել: