Բանկային քարտ: Խորհուրդներ

990
Բանկային քարտ

Մեր իրականության մեջ հետզհետե ավելի ու ավելի կիրառելի է դառնում բանկային քարտ օգտագործելը: Դա պայմանավորված է ոչ միայն աշխատավարձերի բանկային փոխանցումներով, այլ նաև օնլայն գնումներ կատարելու միտումի տարածմամբ:

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ՝ ինչպես օգտագործել բանկային քարտը.

  1. Քարտը անվտանգ պահե՛ք

    Բանկային քարտը միշտ պահեք դրամապանակի մեջ: Եթե ինչ-որ մեկին պարտքով գումար եք ուզում տալ, ապա դա չի նշանակում, որ նրանց կարող եք տալ Ձեր քարտը: Քարտի PIN կոդը և գաղտնաբառը ուրիշ ոչ-ոք չպետք է իմանա` ոչ ֆինանսական կազմակերպությունից որևէ մեկը, ոչ էլ խանութի աշխատակիցը: Հիշեք Ձեր կոդը և որևէ տեղ մի գրառեք այն: Մեծ գործարքների դեպքում միշտ ստացեք կտրոն և այն պահեք: Բանկային քարտ կորցնելու դեպքում անմիջապես կապ հաստատեք բանկի հետ և խնդրեք փակել այն:

  2. Վերահսկե՛ք Ձեր գործարքները 

    Բանկային քարտ օգտագործելու դեպքում կանոնավոր կերպով ստուգեք Ձեր քաղվածքը: Հատկապես քարտով գնում կատարելու դեպքում երբեմն մեկից ավելի անգամ է գումարը գանձվում, ինչը բացահայտելու դեպքում կարող եք կապվել օնլայն խանութի կամ բանկի հետ և հետ ստանալ Ձեր գումարը:Եթե քաղվածքն ուսումնասիրելուց ինչ-որ անծանոթ վճարում եք տեսնում, անմիջապես կապվեք Ձեր բանկի հետ:

  1. Զգուշացե՛ք օնլայն գնումներից 

    Գնումներ կատարեք միայն վստահելի կայքերից: Հետևեք, որ բրաուզերի ձախ մասում լինի անվտանգության կողպեք, ուշադրություն դարձրեք կայքի անվտանգության ծանուցումներին: Խորհուրդ ենք տալիս հանրային Wi-Fi-ից երբեք գործարքներ չանել:

  2. Ստացե՛ք հեռախոսային ծանուցումներ 

    Եթե Դուք կանոնավոր կերպով չեք հետևում քարտի մնացորդին և կատարված գործարքներին, ապա խորհուրդ ենք տալիս հեռախոսի վրա ստանալ համապատասխան ծանուցումներ: Դուք եք որոշում՝ ո՞ր դեպքում ստանալ ծանուցում՝ ցանկացած գործարքի թե՞ X գումարից ավել գործարքների դեպքում:

  3. Հայատանում օգտվե՛ք դրամային քարտերից 

    Շատերը բանկային քարտ ընտրելուց մտածում են միանգամից ընտրել արտարժույթային քարտ՝ հետագայում ճամփորդելիս օգտագործելու համար: Դուք կարող եք ընտրել 2 քարտ, սակայն խորհուրդ չենք տալիս Հայաստանում գնումներ կատարել կամ բանկոմատներից կանխիկացնել արտարժույթային քարտի գումարը: Փոխանակման ընթացքում, որպես կանոն, գումար եք կորցնում:

  4. Բանկոմատի մոտ 

    Քանի որ բանկոմատի մոտ Դուք միշտ գործ ունեք կանխիկ գումարի հետ, նախ և առաջ մտածեք Ձեր իսկ անվտանգության մասին: Երեկոյան ժամերին կամ ոչ մարդաշատ վայրերում խորհուրդ ենք տալիս բանկոմատից գումար չհանել: Հնարավորության դեպքում օգտվեք բանկերում և սուպերմարկետներում առկա բանկոմատներից:

Քարտի տեսակը և բանկը ընտրելիս նախ և առաջ մտածեք՝ ի՞նչ նպատակով եք օգտագործելու այդ քարտը և այնուհետև ծանոթացեք տարբեր բանկերի առաջարկներին:

Գուցե Ձեզ հետաքրքրի նաև մեր գրառումը՝ ինչպե՞ս անվտանգ օնլայն գնումներ անել: