Բիզնես վարկեր

1187
բիզնես վարկեր
Բիզնես վարկերը Հայաստանում

Բիզնես վարկեր Հայաստանում տրամադրում են բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունների հիմնական մասը: Նպատակն է օգնել ձեռնարկատերերին բիզնես սկսել կամ ընդլայնել առկա բիզնեսը:

Այս վարկատեսակի առաջարկները բանկերում տարբեր են: Կան ծրագրեր նախատեսված սկսնակ կամ գործող բիզնեսների համար, որոշ ծրագրեր էլ նախատեսված են կոնկրետ այս կամ այն ոլորտում աշխատող ընկերությունների համար: Քիչ չեն նաև բանկերի կողմից առաջարկները, որոնք տրամադրվում են միջազգային ծրագրերի շրջանակներում: Որպես այդպիսին, Հայաստանում բիզնես վարկերի տեսքով ծրագրերը հիմնականում նախատեսված են գյուղատնտեսական և արտադրական ոլորտների ընկերությունների համար: Բնականաբար միջազգային ծրագրերի կողմից ֆինանսավորվող ծրագրերը ավելի ցածր տոկոսագումարներ ունեն:

Բիզնես վարկերի հիմնական առանձնահատկություններից մեկն էլ կայանում է նրանում, որ բավականին շատ են այլ արտարժույթներով տրամադրվող բիզնես վարկերը (հատկապես՝ դոլարով): Չնայած դոլարի և եվրոյի դեպքում, որպես կանոն, տոկոսադրույքն ավելի ցածր է, սակայն այստեղ էլ ռիսկային է արտարժույթի տատանումները:

Հայաստանում բիզնես վարկերի տրամադրման միջին ժամկետը 3 տարի է։ Առանձին դեպքերում, կախված գումարի չափից և տոկոսադրույքներից, հնարավոր է, որ բիզնես վարկի ժամկետը տատանվի 1-6 տարի միջակայքում:

Ո՞ր ֆինանսական կազմակերպությանը դիմել

Մինչ վարկի համար դիմելը խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել տարբեր բանկերի առաջարկները և խորանալ վարկի պայմանների մեջ: Պետք է վստահ լինել, որ ճիշտ վարկատեսակ եք ընտրել Ձեզ համար:

Պարզե՛ք հետևյալ հարցերի պատասխանները.

  • Որքա՞ն են տարեկան անվանական և փաստացի տոկոսադրույքները,
  • Արդյո՞ք ամսական մարման գումարը փոփոխական է թե՞ անփոփոխ,
  • Ձեր ֆինանսական հոսքերի պայմաններում ամսական մարում կատարելը ինչքանո՞վ է իրատեսական,
  • Արդյո՞ք կան վարկի հետ կապված կողմնակի ծախսեր և վճարներ,
  • Ի՞նչ գործառնական պարտավորություններ են դրվում Ձեր ընկերության վրա,
  • Ի՞նչ ապահովության միջոց է պահանջում վարկատուն,
  • Կա՞ն սահմանափակումներ՝ ինչպե՞ս կարող եք գումարը ծախսել,
  • Արդյո՞ք կարող եք վաղաժամկետ մարել վարկը:
Ի՞նչ է կարևոր վարկատուի համար բիզնես վարկեր տրամադրելիս

Եթե որոշել եք, որ Ձեր ընկերության համար բիզնես վարկ է պետք և գտել եք ամենահարմար պայմաններ առաջարկող բանկն ու վարկատեսակը, ապա կարող եք պատրաստվել վարկային հայտ ներկայացնելուն:

Վարկային հանձնաժողովը որոշում կայացնելիս հաշվի է առնում հետևյալ ինֆորմացիան.

  1. Վարկային սքոր/ վարկային պատմություն. Մինչև վարկային հայտ ներկայացնելը մտածեք Ձեր վարկային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու մասին: Ժամանակին կատարեք Ձեր ամսական մարումները: Համոզվելու համար, որ Ձեր վարկային պատմության հետ կապված խնդիր չունեք, կարող եք նաև հարցում անել ԱՔՌԱ վարկային բյուրոյին:
  2. Դրամական հոսքեր. Վարկատուների համար առաջնային է տեսնել Ձեր դրամական հոսքերը (cash flow), որպեսզի համոզվեն, որ Դուք ի վիճակի եք կատարել Ձեր ընթացիկ պարտավորությունները և կկարողանաք նաև նոր վարկի ամսական մարումները անել:
  3. Բիզնեսի ակտիվները. Վարկատուն պետք է համոզվի, որ ընկերությունն ունի բավականաչափ ակտիվներ՝ բիզնեսի հնարավոր վատթարացման դեպքում վարկերը մարելու համար:
  4. Ընկերության տարիք. 5 և ավելի տարիներ գործող բիզնեսները վարկատուների համար շատ ավելի հետաքրքիր են, քան սկսնակ բիզնեսները, չնայած կան նաև սկսնակ ընկերությունների համար նախատեսված վարկատեսակներ: Սովորաբար բիզնես վարկ ստանալու համար անհրաժեշտ է, որ Ձեր բիզնեսը նվազագույնը վերջին 3 տարիների ընթացքում եկամտաբեր լինի:
  5. Ֆինանսական փաստաթղթեր. Կախված վարկի չափից՝ վարկատուն մանրամասն կուսումնասիրի Ձեր հաշվապահական փաստաթղթաբանությունը: Համոզվեք, որ Դուք փաստաթղթերի հետ կապված խնդիր չունեք, ամեն ինչ ճիշտ է և ամբողջական: Հատկապես կարևոր են ընկերության ֆինանսական հոսքերը, ակտիվները, շահույթը ցույց տվող փաստաթղթերը:
  6. Իրավական փաստաթղթեր. Ցանկացած վարկատու Ձեզանից պահանջելու է հետևյալ ինֆորմացիան՝ գրանցման վկայական, հարկային կոդ, գործադիր պաշտոնյաների ցանկ, իրավաբանական կարգավիճակ, գույքի առարկա և այլն:
  7. Բիզնես պլան. Վարկատուն կցանկանա իմանալ՝ ինչքան գումար է Ձեզ անհրաժեշտ և ի՞նչ նպատակով եք այն պատրաստվում ծախսել. Դուք չեք սահմանափակվի պարզապես ասելով, որ բիզնեսն եք ընդլայնում, նոր պրոդուկտ եք մշակում, նոր աշխատակիցներ պետք է ընդունեք կամ վաճառքի, մարկետինգի խթանման համար է գումարը անհրաժեշտ:Դուք պետք է մանրակրկիտ բիզնես պլան ներկայացնեք:
  8. Ի՞նչ կարող եք տրամադրել որպես վարկի ապահովության միջոց. Կախված գումարի չափից վարկատուն կարող է տարբեր պահանջներ դնել վարկի ապահովության միջոցի հանդեպ:
Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ Ձեզ բիզնես վարկ չտրամադրեն.

Բիզնես վարկերը հիմնականում մերժում են հետևյալ պատճառներով.

  • Եկամուտի անբավարար չափ,
  • Վարկի օգտագործման նպատակների թերհիմնավորում,
  • Տրամադրված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատություն,
  • Բացասական վարկային պատմություն:

Գուցե՞ Ձեզ կհետաքրքրեն նաև մեր գրառումները ավտովարկի, հիփոթեքային վարկի կամ ավանդի մասին: