Բնակարան գնել. խորհուրդներ

56
բնակարան գնել

Եթե ժամանակին մարդիկ բնակարան էին գնում ավելի մեծ տարիքում, ապա այսօր ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող տարբեր հիփոթեքային վարկերի պայմաններում մարդիկ կարողանում են ավելի երիտասարդ տարիքում բնակարան ձեռք բերել:

Եթե Դուք ևս նպատակ ունեք բնակարան գնել, ապա առաջարկում ենք հետևել այս խորհուրդներին.

  1. Հստակեցրեք՝ ինչքան գումար կարող եք վճարել

Եթե որոշել եք բնակարան գնել, ապա մինչև շուկայում առկա տները նայելը, կատարեք հաշվարկներ, թղթին հանձնեք ամսվա կտրվածքով Ձեր ընդհանուր եկամուտների և  ծախսերի չափը, որպեսզի հասկանաք՝ ամսվա կտրվածքով որքան գումար կարող եք մարել: Ըստ այդմ, արդեն հիփոթեքային վարկերի առցանց հաշվիչներով և ֆինանսական կազմակերպություններ այցելելով գտեք հարմար առաջարկ:

Եթե գտել եք Ձեր երազանքների տունը, սակայն վստահ չեք, որ ամբողջ ընթացքում կկարողանաք վճարել հիփոթեքը, ապա առաջ անցեք: Տուն գնելը երկարաժամկետ պարտավորություն է և պետք է ամբողջովին վստահ լինել, որ մի քանի տարի վարկային պարտավորությունը կկարողանաք կրել:

Հետագա ծախսերը հաշվարկելուց հաշվի առեք նաև, որ նոր բնակարանը իր հետ առաջ կբերի նաև ամենատարբեր սպասարկման ծախսեր:

  1. Հասկացեք՝ ինչ է Ձեզ պետք

Բնակարաններ նայելուց առաջ որոշեք՝ ինչ պարտադիր պայմաններ պետք է ունենա Ձեր տունը: Դա ներառում է թաղամասի ընտրությունը, տան մակերեսը և մի շարք այլ պարտադիր պայմաններ (հարկ, սենյակների քանակ և այլն): Միաժամանակ կան նաև այլ պայմաններ, որոնք ցանկալի են, բայց ոչ պարտադիր:

Մանրամասն պլանավորելու արդյունքում աչքի առաջ ունեցեք Ձեր ապագա բնակարանը և նոր սկսեց փնտրել այն:

  1. Գտեք փորձառու գործակալի, ով շատ լավ պատկերացնում է շուկան

Թե որքանով Ձեր գնած տունը լավը կլինի, կախված է գործակալից:  Այդ պատճառով ֆինանսական հաստատությունները ուսումնասիրելուն զուգահեռ, պետք է ուսումնասիրել նաև տարբեր գործակալական ընկերությունների: Այսօր հազվադեպ է լինում, որ տուն վաճառողը անձամբ է հայտարարություն տարածում, քանի որ բոլորը նախընտրում են գործարքը կազմակերպել գործակալի միջոցով:

  1. Հնարավորինս մեծ գումար վճարեք որպես կանխավճար

Տարբեր ֆինանսական կազմակերպություններ իջեցրել են կանխավճարի սահմանաչափերը: Այսօր շուկայում կան անգամ առաջարկներ, երբ առհասարակ կանխավճարի կարիք չկա: Դա այդքան էլ Ձեր օգտին չէ, քանի որ կանխավճարի փոքր գումարը կամ առանց կանխավճարի տարբերակը որպես կանոն հանգեցնում է ավելի բարձր տոկոսադրույքի:

Երբեմն ճիշտ է որոշ ժամանակ գումար խնայել և նոր միայն դիմել հիփոթեքային վարկի համար:

  1. Համեմատեք տարբեր ֆինանսական կազմակերպությունների առաջարկները

Մեր խորհուրդը՝ երբեք հիմք չընդունեք անվանական տոկոսադրույքը: Խորացեք տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ, հասկացեք՝ ինչ վճարներ է այն ընդգրկում: Միաժամանակ ճշտեք, թե այլ ինչ ծախսեր կան, որոնք ներառված չեն ՏՓՏ-ի մեջ: Ի վերջո, վերցրեք մարումների գրաֆիկը և հաշվեք՝ ամսական ինչքան գումար եք վճարելու ու ի վերջո, որքան գումար եք վերադարձնելու վարկատու կազմակերպությանը:

Կարդացեք նաև մեր խորհուրդները՝ ինչին ուշադրություն դարձնել հիփոթեքային վարկի դիմելիս: