Բոնուսով աշխատավարձ. Ինչպե՞ս պլանավորել բյուջեն

934
աշխատավարձ

Բյուջեի պլանավորումը երբեմն բավականին դժվար է, հատկապես երբ Դուք բոնուսով աշխատող եք: Ավանդական աշխատանքների դեպքում Դուք գիտեք x օր աշխատելու դիմաց Դուք ստանալու եք որոշակի աշխատավարձ:

Եթե Դուք զբաղվում եք ֆրիլանսինգով կամ Ձեր աշխատավարձը կախված է կատարողականությունից, ապա դժվար է հասկանալ հաջորդ ամիս որքա՞ն գումար կունենաք: Արդյունքում հաճախ խառնաշփոթ է առաջանում Ձեր բյուջեում:

Եթե Դուք չեք պլանավորում աշխատանքը փոխել, ապա ստիպված եք մշակել ռազմավարություն՝ ինչպես կառավարել ֆինանսները փոփոխական աշխատավարձի դեպքում:

  1. Միջինացրեք եկամուտները

Նույնիսկ եթե հստակ չգիտեք` ամսական ինչքան եկամուտ եք ունենալու, հաստատ գիտեք միջին գումարը, որ տարվա ընթացքում աշխատելու եք: Այդ թիվը բաժանեք 12-ի, հանեք հարկերը և այլ պարտավորություններ, որ ունեք: Ամսական մնացած գումարը կարող եք ծախսել, սակայն մի փոքր տեղ թողեք այն դեպքի համար, որ աշխատավարձը կարող է այդ ամիս միջինից քիչ լինել:

  1. Ունեցեք արտակարգ իրավիճակների ֆոնդ

Եթե հստակ չգիտեք, որքան գումար եք աշխատելու, Դուք պետք է ֆինանսապես պաշտպանեք Ձեզ: Ունեցեք ֆոնդ արտակարգ իրավիճակների համար: Այդ դեպքում վարկ վերցնելու կամ օվերդրաֆտից օգտվելու կարիք չի լինի: Ֆոնդից օգտվելու դեպքում հաջորդ ամիսներին անպայման գումարը տեղը դրեք: Դա կարող է լինել 500-1000 դոլարի միջակայքում:

Հիշե՛ք` անսպասելի ծախսերը անխուսափելի չեն և պատահում են բոլորի հետ: Ձեր դեպքում ռիսկն ավելի մեծ է, քանի որ դրան կարող է գումարվել նաև փոփոխական աշխատավարձը:

  1. Ունեցեք հիմնական բյուջե

Հիմնական բյուջե ասելով նկատի ունենք սնունդ, կոմունալներ, տրանսպորտ, տան վարձակալություն: Ժամանցը, գեղեցկության սրահը և նույնիսկ մարզասրահի անդամակցությունը  առաջնային ծախսեր չեն:

Գուցե առաջնային բյուջեն ձանձրալի է, սակայն պետք է հստակ իմանալ՝ ինչն է դրա մեջ մտնում: Ամսական եկամուտից հանեք այդ ծախսերը և հասկացեք՝ ինչ ճոխություններ կարող եք Ձեզ թույլ տալ:

  1. Ապրեք նախորդ ամսվա եկամտի հաշվին

Ձեզ ֆինանսապես ապահովելու համար փետրվարին ծախսեք հունվարի աշխատավարձը: Արդյունքում ավել գումար ունենալու դեպքում այն կպահեք հաջորդ ամսվա համար և կմինիմալացնեք հետագա ռիսկերը: Միաժամանակ կիմանաք՝ ինչքան գումար ունեք ծախսելու այս ամիս:

Փոփոխական աշխատավարձ ստանալը միշտ չէ, որ վատ է: Նրա առավելությունը կայանում է նրանում, որ Դուք հնարավորություն ունեք ավել գումար աշխատել նոր հաճախորդ ձեռք բերելու, մարկետինգային նոր արշավ ձեռնարկելու կամ ավել հերթապահություն անելու շնորհիվ:

Կարդացե՛ք նաև մեր խորհուրդները, թե ինչպես գումար խնայել: