Ինֆլյացիա

91
ինֆլյացիա

Ինֆլյացիա կամ գնաճ ասելով հասկանում ենք իրավիճակ, երբ ժամանակի ընթացքում բարձրանում են բոլոր ապրանքների և ծառայությունների գները:  Դա տնտեսագիտական տերմին է, ինչը նշանակում է, որ Դուք պետք է նախկինի համեմատ ավելի շատ գումար վճարեք ավտոմեքենայի համար վառելիք, տան համար մթերք գնելու կամ մազերի հարդարման վրա: Կարճ ասած, գնաճը ավելացնում է ապրելու գինը:

Գործընթացի սխեման այսպես է. ինֆլացիայի արդյունքում ընկնում է փողի գնողունականությունը, ինչը հատկապես բացասաբար Է անդրադառնում այն անձանց համար, որոնք ֆիքսված ամսական աշխատավարձ ունեն: Որքան մեծ է ինֆլյացիան, այնքան մեծ է վերջինիս ազդեցությունը երկրի տնտեսության վրա:

Ինֆլյացիա: պատճառները

Ինֆլյացիան այլ կերպ ասած փողի պահանջարկի աճն է: Պահանջարկը գերազանցում է առաջարկը,  գնորդներին ապրանքը պետք է և նրանք պատրաստ են ավելի բարձր գումարի դիմաց գնել տվյալ ապրանքը: Դա չի նշանակում, որ ունենք ինֆլյացիա, եթե երկրում ավելացել է կոնկրետ այս կամ այն ապրանքի գինը: Ինֆլյացիան առաջանում է, երբ շուկայում ամբողջական պահանջարկն է գերազանցում ամբողջական առաջարկին:

Ինֆլյացիայի մեկ այլ պատճառ է, երբ պահանջարկը մնում է նույնը, սակայն սահմանափակվում է առաջարկի ծավալները:

Գնաճի մակարդակ

Գնաճի մակարդակը ցուցանիշ է, որը ցույց է տալիս ապրանքների և ծառայությունների գների աճը կամ նվազումը որոշակի ժամանակահատվածում: Տոկոսը ցույց է տալիս՝ ինչ տեմպով են աճել գները տվյալ ժամանահատվածում: Օրինակ՝ եթե գազի գնի դեպքում գնաճը կազմում է 2%, ապա նախորդ տարվա գնի համեմատ այս տարի գազի գինը բարձրացել է 2%-ով:

Ինֆլյացիան լինում է հաշվեկշռված և չհաշվեկշռված: Հաշվեկշռված ինֆլյացիայի դեպքում ապրանքների և ծառայությունների գնային փոփոխությունը նույն տեմպով է իրականանում, մինչդեռ չհաշվեկշռված ինֆլյացիայի դեպքում չկա համապատասխանություն:

Գոյություն ունեն ինֆլյացիայի հետևյալ տեսակները.

  1. Չափավոր ինֆլյացիա – Սա զարգացող երկրներում ինֆլյացիայի նորմալ տեմպն է, երբ տարեկան գրանցվում է մոտ 10% գնաճ;
  2. Քառատրոփ ինֆլյացիա– Սա արդեն ցույց է տալիս ինֆլյացիայի ավելի զգալի դրսևորումը, երբ գնաճի մակարդակը տատանվում է տարեկան 10-100%;
  3. Հիպերինֆլյացիա– Այն ինֆլյացիայի վտանգավոր դրսևորում է. երկիրը գրանցում է տարեկան 100% և ավելի գնաճ;
  4. Սուպերինֆլյացիա– Այս դեպքում երկիրը ամսական է գրանցում 50% և ավելի գնաճ:

Գնաճի մակարդակը աղքատության ցուցանիշի կարևոր կոմպոնենտ է: Ցուցանիշը որոշելու մյուս կարևոր բաղադրիչը գործազրկության մակարդակն է:

Ի՞նչ է անում Կենտրոնական բանկն այս ուղղությամբ

Ամբողջ աշխարհում կենտրոնական բանկերը դրամական քաղաքականությունը վարում են այնպես, որ խուսափեն ինֆլյացիայի մեծածավալ դրսևորումներից և չունենան նաև հակառակ պատկերը՝ գնանկում:

Ի՞նչ անել, որպեսզի գնաճը Ձեզ վրա բացասական չանդրադառնա

Գնաճից պաշտպանվելու լավագույն տարբերակը տարեցտարի Ձեր եկամուտների ծավալը ավելացնելն է: Ամեն տարի աշխատավարձի 20% աճը կնվազեցնի ինֆլյացիայի ազդեցությունը: Եթե Ձեր աշխատավայրում աշխատավարձի բարձրացման տարբերակ չկա, ապա մտածեք այլ տարբերակ գտնելու ուղղությամբ:

Եթե ունեք խնայողություններ, ապա լավագույն տարբերակը արժեթղթերի շուկայում ներդրում անելն է: Այս քայլը ևս ռիսկային է, այդ պատճառով մինչև որոշում կայացնելը պարտադիր քննարկեք ֆինանսական խորհրդատուի հետ:

Սա չի նշանակում, որ ինֆլյացիան միանշանակ բացասական երևույթ է: Այն անհրաժեշտ է տնտեսական աճ գրանցելու համար և հիմնականում հատուկ է զարգացող երկրներին: Զարգացած երկրներում ինֆլյացիայի մակարդակը սովորաբար ավելի ցածր է, քանի որ վերջիններս օգտագործում են իրենց ամբողջ արտադրական կարողությունները:

Որպես կանոն, անկանխատեսելի ինֆլացիան է, որ բերում է տնտեսության քայքայման: Կանխատեսելի ինֆլյացիան երկրի զարգացման բնականոն ռիթմի մաս է կազմում:

Գուցե՞ Ձեզ հետաքրքի նաև մեր գրառումը՝ ավանդի վերաբերյալ: