Վարկի իրական արժեք

284
վարկի իրական արժեք

Ձեր շրջապատում հաստատ կան մարդիկ, որ վարկ են վերցրել և հետո միայն իմացել տոկոսադրույքների մասին:  Արդյունքում լսում ենք բողոքներ/կարծիքներ, որ ֆինանսական հաստատությունը նախապես չի ասում տոկոսների մասին և դրանով վարկառուներին անելանելի վիճակի մեջ է դնում:

Իրականում մեղավորը հենց ինքը՝ վարկառուն է, որ մանրամասն չի ուսումնասիրում վարկի պայմանները: Կենտրոնական բանկի վերահսկողության պայմաններում չկա որևէ ֆինանսական կազմակերպություն, որ պայմանագրի, ինչպես նաև վարկի ընդհանրական թերթիկի մեջ չներկայացնի վարկի տոկոսադրույքը, տրամադրման, սպասարկման, հետաձգման և վարկի հետ կապված մյուս ծախսերը: Չնայած վարկ վերցնելը մեր իրականության մեջ բավականին տարածված երևույթ է, մենք երբեք չենք նստում և մանրամասն չենք ուսումնասիրում վարկի պայմանները:

Վարկի իրական արժեք

Վարկի իրական արժեքը իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները.

  • Վարկի գումար
  • Տոկոսադրույք
  • Վարկի հետ կապված այլ ծախսեր
  • Վճարման հաճախականություն
  • Վարկի մարման ժամկետ
  1. Վարկի իրական արժեք

Վարկի իրական արժեքը հասկանալու համար նախ և առաջ պետք է տարբերակել տարեկան անվանական տոկոսադրույք և տարեկան փաստացի տոկոսադրույք հասկացությունները:

Տարեկան անվանական տոկոսադրույքը իր մեջ ներառում է միայն տոկոսադրույքը: Ցածր տոկոսադրույքը լավ է, սակայն կա մեծ հավանականությունը, որ վարկը կարող է ունենալ բարձր հավելյալ վճարներ: Այդ առումով շատ ավելի ամբողջական պատկեր է ապահովում տարեկան փաստացի տոկոսադրույքը, որն արտացոլում է վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ տոկոսադրույք, հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման և վարկի հետ կապված այլ ծախսերը:

  1. Վաղաժամկետ մարում

Եթե պլանավորում եք վարկը արագ ժամկետներում մարել, անպայման ճշտեք՝ ինչ պայմաններ են գործում վարկի վաղաժամկետ մարման դեպքում: Համոզվեք, որ շուտ մարելու դեպքում Դուք հետագա ամիսների համար վճարներ չեք վճարի և նոր կնքեք պայմանագիրը:

  1. Տույժ-տուգանք

Ոչ մի վարկառու վարկը վերցնելու պահին չի մտածում, որ ժամկետանց պարտավորություններ կունենա ֆինանսական հաստատության հանդեպ: Հուսանք, որ նման դեպք Ձեզ հետ չի պատահի, սակայն լիովին չբացառենք այս տարբերակը: Այդ պատճառով վարկ վերցնելուց առաջ ճշտեք նաև ժամկետանց օրերի դեպքում գործող տույժերը:

Հիշե՛ք՝ եթե Դուք լավ պատկերացնեք վարկի արժեքը, Դուք կկարողանաք տարբերակներ մշակել, թե ինչպես նվազեցնել պարտքը: Թույլ մի տվեք, որ գումարի կարիքը կամ նոր ապրանք գնելու ցանկությունը կուրացնի Ձեզ: Պարտք ունենալը սարսափելի երևույթ չէ միայն այն դեպքում, երբ պարտատերը հստակ գիտակցում է իր պարտավորությունը:

Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչի՞ն ուշադրություն դարձնել վարկ վերցնելու ժամանակ: