Ֆինանսական գրագիտություն

1222

Ֆինանսական գրագիտությունը տարբեր է ֆինանսական կրթվածությունից: Այն ցույց է տալիս մարդու անձնական ֆինանսները կառավարելու հմտությունները:

Որպես կանոն, մարդիկ խորհուրդ են հարցնում կամ լուծում են փնտրում, երբ շատ կարևոր ֆինանսական որոշում պետք է կայացնեն՝ կապված ամուսնության, ամուսնալուծության, երեխայի ծննդի, նոր աշխատանք գտնելու կամ աշխատանքից դուրս գալու հետ: Առանց նման ‹‹հատուկ›› դեպքերի մարդիկ երբեք չեն մտածում, որ իրենց որոշումները կարևոր են:

Ֆինանսական գրագիտությունը կարևոր է հատկապես այսօրվա իրականության պայմաններում, երբ շուկայում առկա են ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների մեծ տեսականի: Մարդիկ, որոնք կարողանում են իրենց ֆինանսները կառավարել, ֆինանսական պրոդուկտների ավելի խելամիտ սպառողներ են և իրազեկված որոշումներ են կայացնում խնայելու, վարկ վերցնելու և ավանդ դնելու հարցերում:

Ֆինանսական գրագիտության մակարդակն այսօր

Աշխարհում ֆինանսական գրագիտության մակարդակը հասկանալու նպատակով 2014թ. Համաշխարհային Բանկը հարցում է անցկացրել աշխարհի 140 երկրներում: Հարցման հիմքում ընկած էին հետևյալ 4 բաղադրիչները՝ հիմնական թվաբանություն, տոկոսադրույքների հաշվարկ, ինֆլացիա և ռիսկերի դիվերսիֆիկացիա:

Մասնակիցներին տրվել են հետևյալ հարցերը.

  • Թվաբանություն: Դուք պետք է պարտքով վերցնեք 100$, ո՞ր տարբերակն է Ձեզ ձեռնտու՝ վերադարձնե՞լ 105$, թե՞ 100$ գումարած 3%:
  • Տոկոսադրույքների հաշվարկ: Դուք բանկում ունեք X գումար:Բանկը պարտավորվում է տարեկան Ձեր հաշվին ավելացնել գումարի 15%-ը: Արդյո՞ք առաջին և երկրորդ տարին բանկը նույն գումարը կավելացնի թե՞ տարբեր:
  • Ինֆլացիա: Մոտակա 10 տարիների ընթացքում ապրանքների գները կրկնապատկվում են: Եթե Ձեր աշխատավարձը ևս կրկնապատկվի, Դուք կկարողանաք գնել ավելի շա՞տ քան գնում եք այսօր, ավելի քի՞չ, թե՞ նույն չափ:
  • Ռիսկերի դիվերսիֆիկացիա: Դուք ունեք որոշակի գումար: Ավելի ճի՞շտ է գումարը ներդնել մեկ թե մի քանի բիզնեսների մեջ:

Հարցման արդյունքում մասնակիցը համարվում էր ֆինանսական գրագիտություն ունեցող, եթե կարողանում էր ճիշտ պատասխանել գոնե 4 հարցերից երեքին:

Հարցումը ցույց տվեց, որ ֆինանսական գրագիտության ամենաբարձր մակարդակն առկա է Ավստրիայում, Կանադայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իսրայելում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում: Այս երկրներում չափահասների 65%-ից ավելին գրագետ են ֆինանսական հարցերում:

Հարցման համաձայն` Հայաստանում ֆինանսական գրագիտություն ունեն չափահասների 18%-ը:

Ընդհանուր առմամբ, հարցման արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը.

  • Կանայք, ֆինանսապես անապահով ընտանիքները և ցածր կրթվածություն ունեցող անձինք ավելի շատ են թերանում ֆինանսական ճիշտ որոշումներ կայացնելու հարցում: Աշխարհում տղամարդկանց 35%-ն ունի ֆինանսական գրագիտություն, կանանց՝ 30%-ը:
  • Ինֆլացիայի մասին ավելի լավ պատկերացում կա երկրներում, որոնց տնտեսությունները վերջին մի քանի տարիների ընթացքում ինֆլացիա են կրել:
  • Միջինում մինչև 35 տարեկան անձանց 56%-ն ունի ֆինանսական գրագիտություն, 36-50 տարեկան անձանց՝ 63%-ը: 50 տարեկանից մեծ մարդկանց մոտ ֆինանսական գրագիտության մակարդակն ավելի ցածր է:

ֆինանսական գրագիտություն

Հարցման մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Հուսանք, Հայաստանում այս 3 տարիների ընթացքում ինչ-որ դրական տեղաշարժեր եղել են, սակայն ֆինանսական գրագիտություն տարածելը պետք է լինի բոլոր կրթական և ֆինանսական կառույցների պատասխանատվությունը: Ֆինանսական գիտելիքներ Ձեռք բերելու նպատակով խորհուրդ ենք տալիս հետևել նաև ՀՀ ԿԲ-ի կողմից ստեղծված ABCfinance կայքի գրառումներին:

Կարդացե՛ք նաև մեր գրառումը՝ ինչպե՞ս բարձրացնել ֆինանսական IQ-ն թեմայով: