Անկանխիկ հասարակություն. Հիմնական խնդիրները

965
անկանխիկ

Վերջին շրջանում անկանխիկ գործարքների քանակը անհամեմատ մեծացել է, ինչի արդյունքում փոխվել են նաև տեխնոլոգիաների ֆունկցիոնալության հանդեպ որակային պահանջները:

Եթե մեր իրականության մեջ ընդունելի է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ տարբերակը, ապա որոշ երկրներում կշեռքը անկանխիկի կողմն է: Օրինակ՝ Շվեդիայում շատ խանութներ և սպասարկման կետեր ընդհանրապես կանխիկ գումար չեն ընդունում: Դա որոշակիորեն ազդել է տնտեսության վրա, քանի որ շատերի համար ֆիզիկական փողը դեռ կարևոր է:

Ամբողջովին անկանխիկ հասարակություն դառնալու համար մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք: Ահա 5 կարևոր մարտահրավերներ, որ պետք է հաշվի առնել.

  1. Անվտանգություն և գաղտնիություն

Թվային տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ գողերը անընդհատ նոր տարբերակներ են մտածում թվային համակարգերի վրա հարձակում գործելու ուղղությամբ: Միաժամանակ թվային ոլորտում հնարավոր չէ հետքեր չթողնել, մինչդեռ կանխիկ գործարքները հաճախ անանուն են:

  1. Ճկունություն

Մեկ այլ խնդիր է՝ ի՞նչ անել, եթե տվյալ երկրում կանխիկի հնարավորություն չկա, իսկ վճարման անկանխիկ համակարգերը Ձեզ հասանելի չեն: Չնայած վերջին շրջանում ենթակառուցվածքները 100% հասանելիություն են ապահովում, միանշանակ երաշխիք չունեք, և եթե որևէ խնդիր լինի, կանխիկ գումարը որպես Բ տարբերակ շատ կարևոր է:

  1. Ծախսերի վերահսկում

Կանխիկը բյուջետավորման և ծախսերի մոնիտորինգի տեսանկյունից այլընտրանքների հանդեպ առավելություն ունի: Փաստացի եթե Դուք վճարում եք միայն քարտով, կանխատեսելի է, որ ամսվա վերջում կպարզվի, որ ավելի քիչ բալանս ունեք, քան կարծում էիք:

  1. Դիմադրություն

Անկախ նրանից՝ ինչքան հարմար է քարտից օգտվելը, միշտ հանդիպում են հաճախորդներ, ովքեր դիմադրում են փոփոխություններին: Դիմադրությունը որպես կանոն միշտ ավելի մեծ է տարեց անձանց մոտ:

  1. Վերահսկողության կորուստ

Կանխիկից հրաժարվելու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ վախենում են կորցնել վերահսկողությունը իրենց ֆինանսների հանդեպ: Ոմանց համար պատճառն այն է, որ նրանք ուզում են շոշափել իրենց գումարը դրամապանակի մեջ, ուրիշների համար էլ կարևոր է, որ իրենց ֆինանսները մասնավոր ընկերությունների չվստահեն:

Ի վերջո, կանխիկ գումարը ունեցվածքի շոշափելիություն է ապահովում, ինչը հատկապես կարևոր է բյուջետավորման ժամանակ: Քարտի օգտագործումը և մոբայլ վճարումները ճկունություն են ապահովում, բայց հավանականությունը քիչ է, որ գոնե մոտ ժամանակներս ամբողջովին կփոխարինեն կանխիկ փողին: Այսօր հասարակությունը պարզապես պահանջում է, որ գործարքների իրականացման շատ տարբերակներ միաժամանակ հասանելի լինեն:

Գուցե՞ Ձեզ հետաքրքրի նաև մեր գրառումը բանկային հաշվի առավելությունների մասին: