Անձնական տվյալներ: Ձեր իրավունքները

2397
անձնական տվյալներ, andznakan tvyalner

Ֆինանսական կազմակերպության հետ գործարք կատարելու դիմաց Դուք ստիպված եք տրամադրել Ձեր մասին անձնական տվյալներ: Չնայած նրան, որ Դուք գիտակցում եք, որ տվյալների հավաքագրումը հետապնդում է բիզնես նպատակներ, իմացեք անձնական ինֆորմացիայի հանդեպ մյուս կողմի պարտավորությունները:

Բանկերի և վարկային կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց առաջ ճշտեք՝ որքանո՞վ է Ձեր ինֆորմացիան ապահով:

Տրամադրե՞լ եք անձնական տվյալներ: Տեսե՛ք՝ Ի՞նչ պարտավորություններ ունեն ֆինանսական կազմակերպությունները Ձեր անձնական ինֆորմացիայի հանդեպ
  1. Ֆինանսական կազմակերպությունը կարող է մշակել Ձեր անձնական տվյալները միայն այն դեպքում, երբ Դուք տվել եք Ձեր համաձայնությունը: Ընդ որում, վերջինս պարտավոր է ստանալ Ձեր համաձայնությունը գրավոր/էլեկտրոնային կամ բանավոր եղանակով, այնպես որ ունենա Ձեր համաձայնության ապացույցը:
  2. Եթե ընկերությունը հավաքագրում է կապի ձայնագրություններ և ձայնային կենսաչափական տվյալներ, ապա աշխատակիցը պարտավոր է նախապես տեղեկացնել Ձեզ այդ մասին: Ձեր համաձայնությունը չստանալու դեպքում նա պարտավոր է դադարեցնել այն:
  3. Ֆինանսական կազմակերպությունը իրավունք չունի մշակել այնպիսի անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ չեն այն գործարքի համար, որին դիմել եք: Կախված ծառայության բնույթից՝ Ձեզանից սովորաբար հավաքագրում են հետևյալ տվյալները՝ անուն,ազգանուն, հասցե, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, ծննդյան ամսաթիվ, զբաղվածության կարգավիճակ, լուսանկար, անձը հաստատող փաստաթղթերի կրկնօրինակներ և այլն: Վարկային գործարքների դեպքում որպես կանոն պահպանվում է նաև գործատուի անունը, ամսական եկամուտը և երաշխավորների անձնական տվյալները:
  4. Բանկը կամ վարկային կազմակերպությունն իրավասու չէ Ձեր ինֆորմացիան փոխանցել երրորդ աղբյուրի: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ Ձեզ նույնականացնելու կամ վարկունակությունը գնահատելու համար անհրաժեշտ է հարցում կատարել տեղական ինքնակառավարման մարմիններին: Ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է նաև տրամադրել Ձեր անձնական տվյալները, եթե այն անհրաժեշտ է դատական հետաքննության համար: Մնացած դեպքերում ընկերությունն իրավունք ունի փոխանցել Ձեր ինֆորմացիան այլ աղբյուրի այն դեպքում, եթե վերջինս գնում է տվյալ ֆինանսական կազմակերպությունը:
  5. Ֆինանսական կազմակերպությունը կարող է նաև օգտագործել Ձեր կոնտակտային ինֆորմացիան ծառայությունների և պրոդուկտների մասին կոմերցիոն բնույթի տեղեկություններ ուղարկելու համար: Դուք իրավունք ունեք հրաժարվել նման տեղեկությունների և առաջարկների ստացումից:

Ֆինանսական կազմակերպությունը օգտագործում է ինֆորմացիան Ձեր ինքնությունը հաստատելու, վարկունակությունը գնահատելու և Ձեր կողմից իր հանդեպ ցանկացած պարտավորություն  վերականգնելու համար: Ընկերությունը կարող է Ձեզ հետ կապ հաստատել նաև նոր ծառայությունների մասին տեղեկացնելու նպատակով:

Բացի գաղտնիությունից, ֆինանսական ընկերությունը, հավաքագրելով Ձեր տվյալները,  պարտավորվում է ապահովել նաև տեխնիկական անվտանգություն: Վերջինս հաճախորդներից հավաքագրած ցանկացած անձնական տվյալներ պետք է պահպանի ապահով սերվերների վրա: Միաժամանակ այն պետք է անհասանելի դարձնի ցանկացած երրորդ կողմի համար:

Ի՞նչ անել, եթե խախտվել է Ձեր իրավունքը

Եթե ֆինանսական կազմակերպությունը խախտել է Ձեր անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, ապա Դուք կարող եք բողոք ներկայացնել տվյալ կազմակերպությանը: Համաձայնության չգալու դեպքում դիմեք Ֆինանսական Համակարգի Հաշտարարին:

Ֆինանսական կազմակերպության հետ գործարք անելուց առաջ կարդացեք նաև սպառող իրավունքների մասին մեր գրառումը: