Աշխատանք և կրթություն: Խորհուրդներ երիտասարդներին

466
Խորհուրդներ

Այսօր կյանքի ռիթմն այնպիսինն է, որ շատ հաճախ ժամանակ չենք ունենում պլանավորման համար: Միաժամանակ շատ դասեր առնում ենք կյանքից և ճիշտ պլանավորումը մեծ մասամբ գալիս է հենց կյանքի փորձից:

Ահա մի քանի խորհուրդներ երիտասարդներին.

  1. Ռիսկի՛ դիմեք

Եթե չափահաս կյանքում ռիսկը միշտ չէ, որ ընդունելի է, ապա երիտասարդների մոտ դա նույնիսկ ցանկալի պայման է: Այդ տարիքում նոր գործեր ձեռարկելը և մշտական փնտրտուքները կարևոր են հետագա կողմնորոշման համար: Անկախ նրանից՝ դա կլինի նոր բիզնես, կամավորական ծրագրի անդամակցություն, նոր ոլորտում մասնագիտացում թե որևէ այլ բան, մտածեք՝ ինչ կկորցնեք, եթե Ձեր պլանավորածով չլինի: Եթե ռիսկը անդառնալի չէ, ապա կայացրեք որոշումը:

Հաստատ հաճախ լսում եք, որ ավելի հասուն տարիքում մարդիկ մտածում են, որ եթե երիտասարդ լինեին, այս կամ այն բանը կանեին: Դուք երիտասարդ եք, այնպես որ, գործե՛ք:

  1. Ներդրում արե՛ք ինքներդ Ձեր մեջ

Ձեր ամենամեծ ակտիվը Դուք ինքներդ եք, և պետք է այն անընդհատ զարգացնել և կատարելագործել: Գրանցվեք օնլայն դասընթացների, սովորեք լեզուներ, տիրապետեք տարբեր հմտությունների:

Մի սպասեք մինչև այս կամ այն գիտելիքի կարիքը լինի, որ սովորեք: Սկսեք հիմա, հետագա կյանքում այն օգտագործելու շատ առիթներ կունենաք:

  1. Զարգացրե՛ք գումար խնայելու/ ներդումներ անելու սովորություն

Այս ուղղությամբ պետք է աշխատել նույնիսկ եթե Ձեր ամսական եկամուտն այնպիսին է, որ կարողանում եք խնայել 20.000-25.000 դրամ: Գումարի չափն այնքան կարևոր չէ, որքան սովորությունը:

Ժամանակի ընթացքում փորձեք մեծացնել գումարի չափը: Իդեալական է, որ ամսական կտրվածքով խնայեք Ձեր եկամուտի գոնե 10%-ը:

  1. Հավասարակշռությունը միշտ չէ, որ ճիշտ է

Բոլորիս մոտ ընդունված կարծրատիպ է, որ պետք է հավասարակշռություն պահել աշխատանքի, սովորելու, անձնական կյանքի, հետաքրքրությունների մեջ, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է և ճիշտ է:

Կյանքի տարբեր փուլերում պետք է կշեռքի ծանր նժարը լինի այն ուղղությունը, որը այդ պահին կարևոր է: Վերջինիս վրա պետք է ծախսել մաքսիմալ շատ ջանքեր և ռեսուրսներ: Որպեսզի հետագայում չզղջաք, կարևոր է, որ առաջնահերթությունը ճիշտ որոշեք: Եվս մեկ խորհուրդ՝ մի առաջնորդվեք ուրիշների առաջնահերթություններով. յուրաքանչյուրիս մոտ այն տարբեր է:

  1. Կարևորե՛ք Ձեր առողջությունը

Երիտասարդ տարիքում մենք մտածում ենք, որ մենք առողջ ենք և անկախ նրանից՝ ինչ ենք ուտում կամ ինչ ապրելակերպ ենք վարում, միևնույն է առողջ ենք լինելու: Սա սխալ մոտեցում է, քանի որ հետագայի մեր հաջողությունների կարևոր նախապայմանը այսօրվա առողջ կենսակերպն է:

Առողջ սնվեք, մարզվեք, քանի որ առողջ միտքն ու հոգին Ձեր կարևորագույն ակտիվներն են:

Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպե՞ս պլանավորել 2019թ բյուջեն: