Աշխատավարձ

291
աշխատավարձ

Եթե Դուք առաջին անգամ եք աշխատավարձ ստանալու, ապա կա որոշակի ինֆորմացիա, որին պարտադիր պետք է տիրապետել:

Նախ և առաջ, պետք է հստակ իմանալ՝ ի՞նչ պարտադիր վճարներ են մտնում աշխատավարձի մեջ: Աշխատանքային պայմանագրի մեջ նշվում է մաքուր (այլ կերպ ասած՝ փաստացի) կամ կեղտոտ (անվանական) աշխատավարձը:

Գործատուի հետ աշխատավարձը պայմանավորվելիս պարտադիր հստակեցրեք՝ արդյո՞ք նշված գումարը մաքուր աշխատավարձն է թե ներառու՞մ է նաև պարտադիր վճարները:

Անկախ նրանից՝ դա մաքուր թե կեղտոտ աշխատավարձն է, կարծում ենք Ձեզ հետաքրքիր է, թե ի՞նչ վճարներ եք Դուք պետությանը վճարում:

Եկամտային հարկ

Եթե Ձեր կեղտոտ աշխատավարձը չի գերազանցում 150,000 ՀՀ դրամը, ապա Դուք հարկվում եք կեղտոտ աշխատավարձի 23%-ի չափով եկամտահարկ:

150,000-2,000,000 ՀՀ դրամ միջակայքում ընկած կեղտոտ աշխատավարձի դեպքում այն կկազմի 34,500 դրամ գումարած 150,000 դրամը գերազանցող աշխատավարձի 28%-ը:

2,000,000 դրամը գերազանցող կեղտոտ աշխատավարձի դեպքում Դուք կհարկվեք 552,500 դրամին գումարած 2,000,000 դրամը գերազանցող գումարի 36%-ի չափով գումար:

Կուտակային վճար

2014թ Հայաստանում ուժի մեջ մտավ կենսաթոշակային համակարգը, որի էությունը կայանում է նրանում, որ աշխատակիցները աշխատանքային տարիների ընթացքում հոգ են տանում իրենց բարեկեցիկ ապագայի մասին՝ ամեն ամիս կենսաթոշակային կուտակումներ անելով: Պետությունն էլ իր հերթին կրկնապատկում է այս գումարը:

Կուտակային կենսաթոշակային վճարը պարտադիր է 1974թ և դրանից հետո ծնված աշխատողների համար: Մինչև 1974թ ծնված աշխատակիցը ինքն է որոշում՝ միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին թե ոչ:

Դրոշմանիշային վճար

Սա այսպես ասած ‹‹բանակի 1000 դրամն է››, որը մենք սկսել ենք վճարել 2016թ դեկտեմբերից սկսած: Նպատակն այն է, որ պետությունը աշխատողների ներդրման արդյունքում կարողանա հատուցել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների համար:

Ինչպե՞ս ստանալ աշխատավարձը

Աշխատողները աշխատավարձը ստանում են կանխիկ եղանակով կամ բանկային փոխանցման միջոցով: Այժմ միտումն այնպիսին է, որ գրեթե բոլոր գործատուները անկանխիկ են վճարում աշխատավարձները:

Դրա համար պետք է բանկային հաշիվ բացել և եթե ուզում եք առանց բանկ այցելելու կանխիկացնել գումարը, ապա անհրաժեշտ է նաև բանկային քարտ ձեռք բերել:

Ուսումնասիրեք տարբեր բանկերի առաջարկներ և գտեք ամենահարմար տարբերակը: Հաշվի առեք բանկի և բանկոմատների դիրքի հարմարավետությունը ինչպես աշխատավայրին այնպես էլ տանը, սպասարկման վճարը, տրամադրման վճարը, կանխիկանցման և այլ գործարքների միջնորդավճարները և այլն: