Բոլորիս հետ լինում են անսպասելի պատահարներ, երբ գումարի անհրաժեշտություն է առաջանում: Դա կարող է լինել առողջության հետ կապված խնդիր, երբ վիրահատության կամ շտապ բուժման կարիք կա, բնակարանի կողոպուտ կամ հրդեհ, ավտոպատահար և այլն: Նման իրավիճակներում է, որ օգնության է հասնում ապահովագրությունը:
Ապահովագրական ընկերությունների սկզբունքը հետևյալն է. Բոլոր ապահովադիրները վճարում են ապահովագրավճարներ: Պատահարի ժամանակ ապահովագրություն ունեցող անձը դիմում է կազմակերպությանը և այդ ընդհանուր հավաքած գումարից որոշակի գումար է փոխհատուցվում նրան: Այսպիսով՝ ապահովագրական ընկերությունը կրում է անձի կրած վնասի արժեքը և փոխհատուցում է նրան:
Ապահովագրության տեսակները
Գույքի ապահովագրություն. Գույք կարող է լինել մեքենան, բնակարանը կամ տարածքը: Այն կարող եք ապահովագրել պայթունից, հրդեհից, հողի սողանքից, գողությունից և այլ պատահարներից: Գույքի տակ կարելի է ապահովագրել նաև գյուղատնտեսական բերքը կամ անասուններին: Այս դեպքում հիմնականում ապահովագրությունը երաշխավորում է մարդկանց բնական աղետներից՝ կարկտահարություն, ցրտահարություն, երաշտ և այլն:
Առողջության ապահովագրություն. Այս ապահովագրությունը փոխհատուցում է առողջության վերականգնման, բուժման, դեղորայքի ձեռքբերման և վիրահատական ծախսերը:
Կյանքի ապահովագրություն. Այս ապահովագրության մեջ մտնում են հետևյալ դեպքերը՝ անձը ապահովագրում է իր ընտանիքի անդամների եկամուտները իր վաղաժամկետ մահվան դեպքում կամ ապահովագրում է իրեն կյանքի կարևոր իրադարձությունների դեպքում, ինչպես օրինակ՝ ծնունդ, ամուսնություն և այլն:
Պատասխանատվության ապահովագրություն. Այս դեպքում մարդը ապահովագրվում է այլ անձի հանդեպ ոչ միտումնավոր հասցրած վնասներից:
Ապահովագրությունը լինում է պարտադիր և կամավոր: Կամավոր ապահովագրության դեպքում Ձեր ցանկությամբ եք որոշում՝ արդյոք ունենալ ապահովագրություն թե ոչ: Պարտադիր ապահովագրության դեպքում Դուք օրենքով պարտավոր եք ունենալ ապաhովագրությունը: ՀՀ օրենքով պարտադիր է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը՝ ԱՊՊԱ-ն:
Ինչպե՞ս է որոշվում փոխհատուցման չափը
Ապահովագրական պայմանագրում նշված է ապահովագրական գումար, որն այն մաքսիմալ գումարն է, որ ընկերությունը Ձեզ կփոխհատուցի դժբախտ պատահարի դեպքում: Գումարի հստակ չափը որոշվում է պայմանագրում նշված դրույթներով: Այդ պատճառով պայմանագիրը ստորագրելուց առաջ հստակ ծանոթացեք փոխհատուցման դրույթներին:
Ինչպե՞ս ընտրել ապահովագրական ընկերություն
Ապահովագրական ընկերություն ընտրելիս հաշվի առեք հետևյալ կետերը.
– Որքա՞ն է կազմում ապահովագրավճարը,
– Ո՞ր պատահարների դեպքում ընկերությունը փոխհատուցում կտրամադրի,
– Ո՞ր դեպքերում ընկերությունը փոխհատուցում չի տրամադրի,
– Պատահարի մասին ե՞րբ և ինչպե՞ս պետք է տեղեկացնել ապահովագրողին,
– Ինչպե՞ս է տեղի ունենում վնասի գնահատման կարգը,
– Ի՞նչ ժամկետով է ընկերությունը ապահովագրում Ձեզ կամ Ձեր գույքը,
– Ո՞ր դեպքերում պայմանագիրը չեղյալ կհամարվի:
Ցանկացած անսպասելի պատահարի դեպքում, եթե ունեք համապատասխան ապահովագրություն, անմիջապես կապ հաստատեք ապահովագրական ընկերության հետ՝ զանգի կամ գրավոր դիմումի միջոցով տեղեկացնելով պատահարի մասին: Որոշ ժամանակ ուշ դիմելու դեպքում մեծ է հավանականությունը, որ ապահովագրական ընկերությունը կմերժի հայտը:
Գուցե՞ Ձեզ կհետաքրքրի նաև մեր ակնարկը՝ ավանդի մասին: