Ապառիկ: Ո՞մ դիմել

    1206
    ապառիկ

    Ի՞նչ է ապառիկը:

    Ապառիկ վարկը սպառողական վարկատեսակ է, որի դեպքում անձը դրամական միջոցի փոխարեն ապրանք է ստանում: Այլ կերպ ասած, այս վարկատեսակի արդյունքում իրականացվում է ապրանքների առուվաճառք՝ հետաձգված վճարման պայմանով: Գործարքը կատարվում է վաճառողի և գնորդի միջև, սակայն գնորդի փոխարեն վաճառողին վճարում է բանկը կամ վարկային կազմակերպությունը: Հաճախորդն էլ համապատասխանաբար վարկային պարտավորություններ է ձեռք բերում տվյալ ֆինանսական կազմակերպության հանդեպ:

    Սա, որպես կանոն, կարճաժամկետ կամ միջին ժամկետայնություն ունեցող վարկատեսակ է :

    Ո՞ր ֆինանսական կազմակերպությունից ապառիկ վերցնել

    Ապառիկով ապրանք ձեռք բերելու դեպքում հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ բացի բրենդը և ապրանքատեսակը ընտրելը Դուք պետք է ընտրեք նաև, թե որ ֆինանսական կազմակերպության վարկավորման պայմաններից եք ուզում օգտվել: Որպես կանոն, ցանկացած տեխնիկայի խանութ այսօր աշխատում է միջինում 3-4 բանկի հետ: Բանկերի առաջարկները տարբեր են, այդ պատճառով պետք է ծանոթանալ յուրաքանչյուր առաջարկի մանրամասներին:

    Խորհուրդ ենք տալիս չսահմանափակվել միայն անվանական տոկոսադրույքով. ճշտեք՝ արդյոք առկա են տրամադրման, ամսական սպասարկման և այլ կողմնակի վճարներ: Տարբեր բանկերով հարցում անելու դեպքում Դուք կվատթարացնեք Ձեր վարկային պատմությունը, այդ պատճառով առաջարկում ենք խանութի վարկային մասնագետին տեղյակ պահել՝ արդյոք վերջին շրջանում այլ վարկի դիմել եք, մե՞ծ է Ձեր վարկային ծանրաբեռնվածությունը և արդյո՞ք ունեցել եք ուշացումներ: Աշխատակիցը տարբեր բանկերի հարցում անելու փորձ ունի և քիչ թե շատ արդեն տիրապետում է յուրաքանչյուրի վարկավորման կանոններին:

    Հնարավորության դեպքում կարճ ժամկետով վերցրեք վարկը, որպեսզի ավել գումար շատ չվճարեք: Պայմանագիրը կնքելիս աշխատակիցը Ձեզ տրամադրում է նաև ամսական մարումների գրաֆիկ: Սա արագ հաշվարկ անելու մեկ այլ տարբերակ է. Համոզվեք, որ կկարողանաք անել ամսական մարումները և արագ հաշվարկ արեք, թե որքան գումար եք ավել վերադարձնելու ֆինանսական կազմակերպությանը: Անկախ նրանից՝ որքանով եք համոզված, որ ժամանակին կկատարեք Ձեր մարումները, պարտադիր ուշադրություն դարձրեք տույժերի և տուգանքների պայմաններին: Եթե նույնիսկ ֆինանսական խնդիր էլ չունենաք, կա հավանականություն, որ կմոռանաք կատարել Ձեր պարտավորությունը գրաֆիկով սահմանված օրը:  

    Որոշ խանութներ առաջարկում են նաև 6 ամսով կամ 1 տարով անտոկոս վարկավորման հնարավորություն: Սա շատ գրավիչ առաջարկ է, սակայն խորհուրդ ենք տալիս մինչև օգտվելը համեմատել ապրանքի գինը այլ խանութների գնառաջարկների հետ: Համոզվեք, որ գաղտնիքը հենց ապրանքի թանկ արժեքի մեջ չէ:

    Մենք ունենք նաև գրառումներ ավտովարկ,հիփոթեքային վարկ, գյուղատնտեսական վարկ և բիզնես վարկ թեմաներով: