Ավտովարկ: խորհուրդներ

2024
ավտովարկ

Անկախ նրանից՝ արդյո՞ք որոշել եք ավտովարկ վերցնել թե դեռ ուղղակի այն դիտարկում եք որպես տարբերակ, առաջարկում ենք նախ և առաջ ուսումնասիրել այս վարկատեսակը:

Ավտովարկի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պայմանները մեծ հաշվով կախված են նրանից, թե Դուք որտեղից եք ձեռք բերում այն՝ առաջնային թե՞ երկրորդային շուկայից:

Ստորև կիսվում ենք ավտովարկի հիմնական առանձնահատկություններով.
  • Ավտովարկի դեպքում որպես գրավ դրվում է հենց գնվող մեքենան: Միաժամանակ այս վարկատեսակի դեպքում հիմնականում ֆինանսական կազմակերպությունները գրավ են պահանջում, որը տատանվում է մեքենայի արժեքի 10-30%-ի մեջ:
  • Ավտովարկը մտնում է ապառողական վարկատեսակների խմբին և այն տրամադրվում է միայն դրամով:
  • Ավտովարկավորման դեպքում պարտադիր է ապահովագրությունը և եթե մեքենան վթարի է ենթարկվում, ապա այն վերանորոգում է ապահովագրական ընկերությունը:

Ավտովարկերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ մեր այս գրառման միջոցով.

Ներկայացնում ենք խորհուրդներ ավտովարկ վերցնելիս.
  • Տարբեր ֆինանսական կազմակերպությունների առաջարկները ուսումնասիրելիս անպայման դիմեք նաև Ձեր գործընկեր ֆինանսական կազմակերպությանը: Բանկը, որտեղից Դուք օգտվում եք կամ վարկային կազմակերպությունը, որտեղ նախկինում պարտաճանաչ մարել եք Ձեր վարկը, գուցե շահավետ պայմաններով առաջարկ անեն Ձեզ:
  • Ինչպես ցանկացած այլ վարկատեսակի դեպքում, մի սահմանափակվեք միայն տարեկան անվանական տոկոսադրույքը ճշտելով: Սա երկարաժամկետ վարկ է և շատ ավելի կարևոր է տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը պարունակում է նաև սպասարկման վճարը և այլ հավելավճարներ:
  • Պարտադիր ծանոթացեք ժամկետանցի տոկոսադրույքներին: Եթե անգամ այս պահին կասկած չունեք, որ կկարողանաք մարել վարկը, ապա չգիտեք՝ ինչ կլինի մեկ կամ երկու տարի անց:
  • Վերցրեք ավտովարկը հնարավորինս կարճ ժամկետով: Չնայած այդ դեպքում ամսական ծանրաբեռնվածությունը մեծ կլինի, սակայն ավելի քիչ տոկոսագումար կվճարեք: Բացի դրանից, 4-5 տարի անց ավտոմեքենան այլևս նոր չի լինի և այդ ժամանակ տրամաբանական չի այն վճարելը:
  • Որոշեք, թե մարման ո՞ր տեսակն է առավել հարմար՝ մայր գումարի հավասարաչափ մարումներով թե՞ հավասարաչափ վճարումներով: Առաջին տարբերակում ամսական մարումը աստիճանաբար իջնում է, իսկ երկրորդ տարբերակի դեպքում վարկի մարման ամբողջ ընթացքում հավասարաչափ գումար կվճարեք:

Տարբեր բանկերի և վարկային կազմակերպությունների կայքերում առկա են վարկի պայմանների վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա: Խորհուրդ ենք տալիս անպայման ներբեռնել կայքում առկա վարկատեսակի ընդհանրական թերթիկը, որը պարունակում է մանրակրկիտ ինֆորմացիա ՏԱՏ-ի, ՏՓՏ-ի և այլ էական պայմանների մասին: