Ունե՞ք բողոք: Ահա թե ինչ անել

1893
Բանկի կամ վարկային կազմակերպության դեմ բողոք

Բանկի կամ վարկային կազմակերպության դեմ բողոք ունենալու դեպքում ժամանակին ոչինչ չէինք ձեռնարկում: Հանրության մեջ տարածված էր այն կարծիքը,  որ բողոքը որևէ արդյունք չի տա: Այսօր անկախ ֆինանսական կառույցների առկայության պայմաններում հաճախորդն ունի ուժեղ լծակներ:

Եթե բանկը կամ որևէ այլ ֆինանսական կառույց անհարկի հետաձգել կամ անտեսել է Ձեր հարցումը, խախտել է օրենքները կամ իր կողմից որդեգրած քաղաքականությունը, ապա Դուք կարող եք բողոք ներկայացնել վերջինիս դեմ:

Մինչև բողոք ներկայացնելը հարցրեք ինքներդ Ձեզ՝ ինչի եք ուզում հասնել: Արդյո՞ք ուզում եք հասնել ֆինանսական փոխհատուցման, ընկերության քաղաքականության մեջ փոփոխությունների թե ունե՞ք որևէ այլ նպատակ: Նպատակների հստակ սահմանումը կօգնի Ձեզ ավելի ճիշտ ներկայացնել Ձեր պահանջները ֆինանսական կազմակերպության հանդեպ:

Ստորև ներկայացնում ենք՝ ի՞նչ կարող եք անել, եթե որոշել եք բողոքել:

Ինչի՞ց սկսել

Բողոք ներկայացնելու առաջին օղակը հենց ինքը՝ ընկերությունն է: Մինչ գրավոր բողոք ներկայացնելը Դուք կարող եք որպես առաջին քայլ՝ Ձեր դժգոհությունը արտահայտել բանավոր: Բանավոր լուծում չստանալու դեպքում գրավոր դիմում-բողոք ներկայացրեք: Դիմումի մեջ հստակ նշեք՝ ի՞նչ եք ակնկալում որպես խնդրի լուծում:

Ֆինանսական կազմակերպությանը անհրաժեշտ է որոշակի ժամանակ հարցը ուսումնասիրելու և պատասխան տրամադրելու համար, այնպես որ միանգամից արձագանք մի ակնկալեք: Բանկերն ու վարկային կազմակերպություններն օրենքով նախատեսված կարգով իրավունք ունեն հաճախորդների դիմում-բողոքներին պատասխանել 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկի կամ վարկային կազմակերպության դեմ բողոք ներկայացնելը արդյունք չտվեց: Ի՞նչ անել

Եթե Ֆինանսական կազմակերպության պատասխանը Ձեզ չի բավարարում, ապա Դուք իրավունք ունեք դիմել Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Գրասենյակ: Ֆինանսական Հաշտարարը անկախ կառավարման և ֆինանսավորման համակարգ ունեցող կառույց է, որը լուծում է հաճախորդի և ֆինանսական կազմակերպության միջև վեճերը:

Ֆինանսական Հաշտարարին ներկայացված դիմումի մեջ հստակ նշեք Ձեր անուն ազգանունը,կոնտակտային տվյալները, ֆինանսական կազմակերպությունը, որի դեմ բողոքում եք, ինչպես նաև Ձեր գույքային պահանջը:  Եթե Հաշտարարը տեսնի, որ Ձեր պահանջը հիմնավոր է, ապա ‹‹բացատրություն›› կպահանջի ֆինանսական կազմակերպությունից: Ֆինանսական հաշտարարի գրասենյակը Ձեզ պատասխան կտրամադրի 14 աշխատանքային օրվա ընթացքում:

Համաձայն չե՞ք Ֆինանսական հաշտարարի որոշման հետ: Դիմե՛ք դատարան:

Կարդացե՛ք նաև, թե ինչ պարտավորություններ ունեն բանկերը և վարկային կազմակերպությունները Ձեր անձնական տվյալների հանդեպ: