Բիզնես վարկ: Ո՞ր դեպքում վերցնել

770
բիզնես վարկ

Առանց մանրակրկիտ բիզնես ռազմավարության բիզնես վարկ վերցնելը հատուկ է անգամ փորձառու բիզնեսմեններին և մեծ կորպորացիաներին: Քիչ չեն նաև բիզնեսմենները, որոնք պահպանողական են այս հարցում և նախընտրում են ավելի փոքր արդյունքներ գրանցել՝ առանց բիզնեսը ռիսկի տակ դնելու:

Ճիշտ մոտեցումը այն է, որ վարկը ֆինանսական գործիք է, որը կարող է բիզնեսի զարգացման հարցում շատ դրական արդյունքներ բերել, սակայն այն դեպքում, եթե ֆինանսիստը հաշվի է առել տարբեր պարամետրեր (օրինակ՝ ոլորտ, շուկայի առանձնահատկություններ, շուկայական իրավիճակ և այլն):

Բիզնես վարկ՝ նոր գործ սկսելու համար

Նոր բիզնես սկսելու դեպքում ռիսկը շատ ավելի մեծ է: Սկսնակ բիզնեսի դեպքում կա մեծ հավանականություն, որ ընկերությունը այդպես էլ շահութաբեր չի դառնա և չի կարողանա վերադարձնել ֆինանսական կազմակերպության պարտքը:

Ֆինանսական կազմակերպությունները ևս հասկանում են այս ռիսկը, և սովորաբար սկսնակ բիզնեսների դեպքում վարկավորման պայմանները շատ ավելի խիստ են: Որոշ բիզնեսմեններ խիստ վարկավորման պայմաններից խուսափելու նպատակով նախընտրում են որպես ֆիզիկական անձ վարկի դիմել, սակայն միշտ չէ, որ այս մոտեցումը ստացվում է:

Ֆինանսական վերլուծաբանները միշտ խորհուրդ են տալիս չսկսել նոր բիզնես` վարկ վերցնելու հաշվին: Գործը ձեռնարկեք միայն, եթե ունեք անձնական խնայողություններ կամ գտել եք ներդրողներ:

Վարկը՝ որպես ֆինանսական լծակ

Դիտարկենք բիզնեսի վարկավորման դասական օրինակ: Կազմակերպությունը շահութաբեր է և ամսական 15%-ի չափով եկամտաբերություն ունի: Այսինքն՝ 5 միլիոն ՀՀ դրամ կապիտալի դեպքում ամսական եկամուտը կկազմի 750.000 ՀՀ դրամ: Տարեկան եկամուտը այս դեպքում կկազմի 9.000.000 ՀՀ դրամ: Եթե ընկերության ղեկավարությունը շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ առկա պահանջարկի և մրցակցության պայմաններում հնարավոր է մեծացնել շահութաբերությունը, ապա կարող է դիտարկել բիզնես վարկ վերցնելու տարբերակը:

Օրինակ՝ եթե ընկերությունը վերցնի 2.000.000 ՀՀ դրամ վարկ 20% տարեկան տոկոսադրույքով, ապա տարեկան պարտքը կկազմի 2.000.000 ՀՀ դրամ և 400.000 ՀՀ դրամ տոկոսադրույք: Վարկը մարելուց հետո այս գործարքի արդյունքում կազմակերպությունը ձեռք կբերի տարեկան 1.200.000 ՀՀ դրամ հավելյալ եկամուտ:

Նման դեպքերում է, երբ Դուք կարող եք օգտագործել վարկը որպես ֆինանսական լծակ:

Մանրամասն հաշվարկներ արե՛ք:

Եթե որոշել եք բիզնես վարկ վերցնել, ապա մտածեք այս հարցերի շուրջ.

  1. Արդյո՞ք կարող եք չափել եկամուտը դրամի տեսքով:
  2. Շուկայում կա՞ պահանջարկ, և եթե այո, արդյո՞ք կարող եք չափել բիզնեսի ընդլայնման արժեքը:
  3. Դուք հաշվե՞լ եք Ձեր բիզնեսի դեպքում ակտիվների շահութաբերությունը: Միշտ չէ, որ ընդլայնումը շահութաբերություն է ենթադրում:
  4. Ճի՞շտ եք պատկերացնում վարկի արժեքը: Ոչ բոլոր ձեռնարկատերերն են ճիշտ պատկերացնում վարկի փաստացի արժեքը (ներառյալ տրամադրման, սպասարկման և առկա այլ վճարներն ու ծախսերը):
  5. Արդյո՞ք ունեք ‹‹Բ›› պլան: Երբեք չեք կարող վստահ լինել, որ շուկայում նոր խաղացողներ ի հայտ չեն գա կամ որևէ այլ ձևով շուկայում իրավիճակը չի փոխվի:

Ահա, թե ինչի՞ն ուշադրություն դարձնել բիզնես վարկեր վերցնելիս: