Եթե ժամանակին մարդիկ բնակարան էին գնում ավելի մեծ տարիքում, ապա այսօր ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող տարբեր հիփոթեքային վարկերի պայմաններում մարդիկ կարողանում են ավելի երիտասարդ տարիքում բնակարան ձեռք բերել:
Եթե Դուք ևս նպատակ ունեք բնակարան գնել, ապա առաջարկում ենք հետևել այս խորհուրդներին.
-
Հստակեցրեք՝ ինչքան գումար կարող եք վճարել
Եթե որոշել եք բնակարան գնել, ապա մինչև շուկայում առկա տները նայելը, կատարեք հաշվարկներ, թղթին հանձնեք ամսվա կտրվածքով Ձեր ընդհանուր եկամուտների և ծախսերի չափը, որպեսզի հասկանաք՝ ամսվա կտրվածքով որքան գումար կարող եք մարել: Ըստ այդմ, արդեն հիփոթեքային վարկերի առցանց հաշվիչներով և ֆինանսական կազմակերպություններ այցելելով գտեք հարմար առաջարկ:
Եթե գտել եք Ձեր երազանքների տունը, սակայն վստահ չեք, որ ամբողջ ընթացքում կկարողանաք վճարել հիփոթեքը, ապա առաջ անցեք: Տուն գնելը երկարաժամկետ պարտավորություն է և պետք է ամբողջովին վստահ լինել, որ մի քանի տարի վարկային պարտավորությունը կկարողանաք կրել:
Հետագա ծախսերը հաշվարկելուց հաշվի առեք նաև, որ նոր բնակարանը իր հետ առաջ կբերի նաև ամենատարբեր սպասարկման ծախսեր:
-
Հասկացեք՝ ինչ է Ձեզ պետք
Բնակարաններ նայելուց առաջ որոշեք՝ ինչ պարտադիր պայմաններ պետք է ունենա Ձեր տունը: Դա ներառում է թաղամասի ընտրությունը, տան մակերեսը և մի շարք այլ պարտադիր պայմաններ (հարկ, սենյակների քանակ և այլն): Միաժամանակ կան նաև այլ պայմաններ, որոնք ցանկալի են, բայց ոչ պարտադիր:
Մանրամասն պլանավորելու արդյունքում աչքի առաջ ունեցեք Ձեր ապագա բնակարանը և նոր սկսեց փնտրել այն:
-
Գտեք փորձառու գործակալի, ով շատ լավ պատկերացնում է շուկան
Թե որքանով Ձեր գնած տունը լավը կլինի, կախված է գործակալից: Այդ պատճառով ֆինանսական հաստատությունները ուսումնասիրելուն զուգահեռ, պետք է ուսումնասիրել նաև տարբեր գործակալական ընկերությունների: Այսօր հազվադեպ է լինում, որ տուն վաճառողը անձամբ է հայտարարություն տարածում, քանի որ բոլորը նախընտրում են գործարքը կազմակերպել գործակալի միջոցով:
-
Հնարավորինս մեծ գումար վճարեք որպես կանխավճար
Տարբեր ֆինանսական կազմակերպություններ իջեցրել են կանխավճարի սահմանաչափերը: Այսօր շուկայում կան անգամ առաջարկներ, երբ առհասարակ կանխավճարի կարիք չկա: Դա այդքան էլ Ձեր օգտին չէ, քանի որ կանխավճարի փոքր գումարը կամ առանց կանխավճարի տարբերակը որպես կանոն հանգեցնում է ավելի բարձր տոկոսադրույքի:
Երբեմն ճիշտ է որոշ ժամանակ գումար խնայել և նոր միայն դիմել հիփոթեքային վարկի համար:
-
Համեմատեք տարբեր ֆինանսական կազմակերպությունների առաջարկները
Մեր խորհուրդը՝ երբեք հիմք չընդունեք անվանական տոկոսադրույքը: Խորացեք տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ, հասկացեք՝ ինչ վճարներ է այն ընդգրկում: Միաժամանակ ճշտեք, թե այլ ինչ ծախսեր կան, որոնք ներառված չեն ՏՓՏ-ի մեջ: Ի վերջո, վերցրեք մարումների գրաֆիկը և հաշվեք՝ ամսական ինչքան գումար եք վճարելու ու ի վերջո, որքան գումար եք վերադարձնելու վարկատու կազմակերպությանը:
Կարդացեք նաև մեր խորհուրդները՝ ինչին ուշադրություն դարձնել հիփոթեքային վարկի դիմելիս: