Դրամական փոխանցումներ

1925
Դրամական փոխանցումներ

Դրամական փոխանցումը կանխիկ կամ անկանխիկ գումարի նկատմամբ սեփականության իրավունքի շարժն է մի անձից մյուսին: Դրամական փոխանցման նպատակները, որպես կանոն, տարբեր են: Դուք կարող եք գումար փոխանցել Ձեր բարեկամին, վճարել ապրանքի կամ ծառայության դիմաց, որ Ձեզ մատուցել են, կատարել վարկի կամ պետական տուրքերի մարում:

Փոխանցումները իրականացվում են 2 տարբերակով՝ բանկային հաշվի միջոցով կամ առանց բանկային հաշվի առկայության:

  1. Դրամական փոխանցումներ բանկային հաշվի միջոցով

Բանկային հաշվի միջոցով դրամական փոխանցում անելու համար անհրաժեշտ է, որ Դուք հաշիվ ունենաք տվյալ բանկում: Եթե Դուք չունեք բանկային հաշիվ, սակայն որոշել եք բացել, ապա խորհուրդ ենք տալիս նախապես բանկից տեղեկանալ՝ ինչ վարձավճար է գործում դրամական փոխանցումների դեպքում: Որպես կանոն, Ձեր բանկից դրամական փոխանցում անելու դեպքում սպասարկման վճար չկա կամ շատ ցածր տոկոս է կազմում: Փոխանցումը միջինում տևում է 3 օր:

Այս դեպքում բանկ գնալուց Դուք պետք է Ձեզ հետ տանեք անձը հաստատող փաստաթղթեր: Միաժամանակ պետք է իմանալ գումարը ստացող կողմի ռեկվիզիտները (անուն-ազգանուն, հաշվեհամար, կոնտակտային տվյալներ և այլն):

  1. Դրամական փոխանցումներ առանց բանկային հաշվի առկայության

Առանց բանկային հաշվի առկայության գումար կարող եք փոխանցել ինչպես բանկերի, այնպես էլ շուկայում գործող այլ կառույցների միջոցով: Ի տարբերություն բանկային հաշվի միջոցով կատարվող փոխանցումների՝ այս դեպքում միջնորդավճարի սակագինը տատանվում է 1%-20%-ի մեջ: Փոխանցման ժամանակահատվածը սովորաբար իրականացվում է 1 օրվա ընթացքում:

Այդ տարբերակի դեպքում գործարքը կատարվում է ծածկագրի միջոցով: Դուք գումարը ստացողին հայտնում եք ծածկագիրը, ինչի միջոցով նա կարողանում է ստանալ գումարը:

Դրամական փոխանցում կատարելիս

Եթե Դուք պետք է դրամական փոխանցում կատարեք, ապա խորհուրդ ենք տալիս հետևել փոխանցումը իրականացնող ընկերության կողմից առաջարկվող պայմաններին: Առավել կարևոր են հետևյալ կետերը.

  1. Բանկային փոխանցում իրականացնելու սակագներ,
  2. Արժույթ, որով իրականացվում է փոխանցումը,
  3. Գումարի փոխանցման ժամկետներ:
Դրամական փոխանցումները Հայաստանում

2017թ կտրուկ աճ է գրանցվել ինչպես դրամական միջոցների ներհոսքի, այնպես էլ արտահոսքի մասով: Հայաստան փոխանցվող գումարների հիմնական մասը գալիս է Ռուսաստանից, իսկ երկրորդ տեղում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Հայաստանից գումար փոխանցվել է ավելի շատ Ռուսաստան, ԱՄՆ ու Չինաստան: Հետքը ներկայացրել է ԿԲ-ի հրապարակած հետաքրքիր տվյալներ հետևյալ հոդվածում:

Գուցե՞ Ձեզ հետաքրքրի նաև մեր գրառումը բանկային հաշիվ ունենալու առավելությունների մասին: