Լինե՞լ երաշխավոր

1993

Եթե Դուք գրանցված աշխատող եք կամ դրական վարկային պատմություն ունեք, ապա հաստատ Ձեր շրջապատում ոմանք խնդրել են երաշխավոր լինել իրենց վարկին: Եթե ժամանակին սա շատերի համար ֆորմալ պարտավորություն էր, ապա այսօր հաստատ գիտեք շատ դեպքեր, երբ երաշխավոր դառնալու պատճառով այս կամ այն անձը վատացրել է վարկային պատմությունը և անգամ կորցրել է սեփական գույքը:

Երաշխավոր դառնալուց առաջ խորհուրդ ենք տալիս կարդալ հետևյալ կետերը.
  1. Դուք կրում եք նույն պատասխանատվությունը, ինչ վարկառուն:

 ՀՀ օրենսգրքով երաշխավորի պարտավորությունը լինում է 2 տեսակի՝ մասնակի և ամբողջական: Ընդ որում, եթե վարկային պայմանագրի մեջ նշված չէ, որ երաշխավորությունը մասնակի է, ապա դա նշանակում է որ Դուք կրում եք վարկի համար նույն պատասխանատվությունը, ինչ վարկառուն:

Վարկը չմարելու դեպքում Դուք պարտավոր եք վճարել պարտքի գումարը, տոկոսները, տուգանքները և դատական տույժերը: Չվճարելու դեպքում Ձեր գույքը ևս ենթակա է առգրավման:

  1. Երաշխավորությունը ևս ձևավորում է վարկային պատմություն

Երաշխավորությունը ևս համարվում է վարկ և եթե վարկառուն ժամանակին չկատարի մարումները, ապա դա բացասական կանդրադառնա նաև Ձեր վարկային պատմության վրա: Միաժամանակ խորուրդ ենք տալիս չստանձնել վարկի երաշխավորություն, եթե մոտ ժամանակներս կա հավանականություն, որ Դուք ևս վարկի կարիք կունենաք: Ֆինանսական կազմակերպությունները վարկունակությունը գնահատելիս հաշվի են առնում նաև Ձեր կողմից ստանձնած երաշխավորությունները:

Այսպիսով՝

  • Եթե վստահ չեք, որ Ձեր ընկերը կամ հարազատը ժամանակին կկատարի մարումները, ապա խորհուրդ ենք տալիս մերժել խնդրանքը:
  • Արդեն իսկ երաշխավո՞ր եք: Պարբերաբար ճշտեք, թե վարկառուից և թե ֆինանսական կազմակերպությունից՝ արդյոք ժամանակին արվում են մարումները: Երաշխավորին տրամադրվում է պայմանագրի և վարկի մարման ժամանակացույցի օրինակներ: Միաժամանակ ցանկացած պահի կարող եք վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին: Երբ տեղի է ունենում վարկի մարման ուշացում, վարկատու կազմակերպությունը այդ մասին պարտավոր է տեղեկացնել երաշխավորին:
  • Եթե որևէ ամիս վարկառուն չի կարող կատարել մարումը, ապա պարտադիր Դուք կատարեք այն՝ Ձեր վարկային պատմությունը չփչացնելու համար: Երաշխավորին տրամադրվում է առնվազն 7 օր, երբ վարկատու կազմակերպությունը պահանջում է, որ նա կատարի իր պարտավորությունները:

Խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք որդեգրել հետևյալ սկզբունքը՝ երաշխավոր կանգնե՛ք միայն այն դեպքում, երբ պատրաստակամ եք վարկառուի կողմից վարկը չմարելու դեպքում մարել այն վերջինիս փոխարեն:

Կարդացե՛ք նաև մեր գրառումը՝ ի՞նչ անել, եթե բացասական վարկային պատմություն ունեք: