Խելամիտ արձակուրդ

    364
    արձակուրդ

    Ամբողջ տարին աշխատելուց հետո բոլորս անհամբեր սպասում ենք մեր արձակուրդին, որպեսզի հնարավորինս կտրվենք մեր առօրյայից և լիցքաթափվենք: Որպես կանոն, մենք արձակուրդի ընթացքում այնպես չենք կառավարում մեր բյուջեն, ինչպես ստանդարտ աշխատանքային օրերին: Սա հենց այն ժամանակն է, որ սխալվելու հավանականությունը հասնում է մաքսիմալի:

    Խնդիրը շատ ավելի բարդ է, երբ Դուք վճարում եք այլ արտարժույթով:

    Ահա մի քանի խորհուրդներ՝ ինչպե՞ս վարել խելամիտ արձակուրդ:

    Օրական մաքսիմալ բյուջե սահմանեք

    Որոշե՛ք՝ որն է գումարի մաքսիմալ շեմը, որ կարող եք Ձեզ թույլ տալ ծախսել մեկ օրվա ընթացքում: Առանձնացրեք այդ գումարը և ոչ մի դեպքում ավել չծախսեք: Օրվա ընթացքում թեկուզ հեռախոսի նշումների բաժնում գրի առեք ձեր ծախսերը:

    Այլ արտարժույթի դեպքում ծախսերը գրի արեք դրամով: Դա Ձեզ կօգնի նաև ավելի լավ տիրապետել տվյալ արտարժույթին:

    Գնացեք մեկ տեղ

    Բոլորիս մոտ էլ կա այն մոտեցումը, որ եթե ավիատոմս ենք գնում, ապա հնարավորության դեպքում մի քանի երկիր կամ էլ քաղաքից քաղաք գնանք: Իհարկե ձեռնտու է մեկ ավիատոմսով շատ բան տեսնելը, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում մենք ավելի շատ գումար ենք ծախսում: Մի տեղ երկար մնալու արդյունքում մենք հասկանում ենք, թե որտեղ կարելի է մատչելի ուտել, ինչպես մատչելի երթևեկել և այլն:

    Օգտվեք հանրային տրանսպորտից

    Միշտ էլ հեշտ է հատկապես օտար երկրներում տաքսիներով երթևեկելը: Դա չի նշանակում, որ հենց այդպես էլ պետք է անել: Դուք ունեք բյուջե, որից պետք է չշեղվել, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ճշտել, թե տվյալ քաղաքի բնակիչները ինչ տրանսպորտից են օգտվում:

    Բացի նրանից, որ լոկալ ժողովրդի մեջ մեծ տարածում ունեցող  տրանսպորտը գնի և որակի լավագույն համադրությունն է, դա Ձեզ կօգնի նաև ավելի լավ ճանաչել տեղացիներին:

    Սնվեք վայրերում, որտեղ սնվում են տեղացիները

    Տեղացիները միշտ գիտեն, որտեղ կարելի է համեղ և մատչելի սնվել: Սկզբնական օրերին պարզապես կարող եք ուսումնասիրել, թե ո՞ր ռեստորաններում ակտիվ հոսք կա: Մի մտածեք, որ տեղական սնունդը կասկածելի է. եթե տեսնում եք, որ շատ մարդիկ են օգտվում այդ կետից, ուրեմն անհանգստանալու կարիք չկա:

    Գնումներ կատարեք շուկայից

    Անկախ նրանից՝ արդյոք պլանավորում եք միրգ թե հուշանվեր գնել, փորձեք հնարավորության դեպքում գնալ շուկա: Ամեն ինչ շատ ավելի մատչելի է շուկայում, քանի խանութներում:

    Ծանրութեթև արեք ցանկացած գնում

    Արձակուրդի ընթացքում մենք հաճախ գնում ենք իրեր, որոնք երբեք չենք օգտագործում: Սա մեկ այլ ծախս է, որից ցանկացած գնով պետք է խուսափել: Եթե դա այնպիսի մի բան է, որի մասին երկար ժամանակ մտածել եք, ապա անպայման ձեռք բերեք այն: Սակայն ցանկացած գեղեցիկ փայտե իր կամ հուշանվեր գնելու դեպքում Դուք կսնանկանաք: Յուրաքանչյուր երկրից գնեք միայն մեկ հուշանվեր:

    Արձակուրդ եք պլանավորու՞մ: Ահա, թե ինչպես պահել գումարը: