Խնայողություն: 50/30/20 կանոնը

124
խնայողություն

Խնայողություն անելու նպատակով այսօր շատերը հետևում են ‹‹50/30/20›› կանոնին, որի հիմքում ընկած է այն գաղափարը, որ ամսական եկամուտը պետք է բաժանել այնպես, որ աշխատավարձի 50%-ով բավարարեք Ձեր հիմնական կարիքները, 30%-ը ծախսեք որոշ հաճույքների վրա և 20%-ը խնայեք ապագայի համար:

Այս մեթոդը հետզհետե ավելի ու ավելի է տարածվում հատկապես նրանց շրջանում, ովքեր բացի նրանից, որ ցանկանում են խնայել, այլ նաև վերահսկել իրենց ամսական ծախսերը առանց ավելորդ ‹‹հաշվապահություն›› անելու:

‹‹50/30/20›› կանոնը խնայողության ավանդական մոտեցումից տարբերվում է նրանով, որ նախկին ծախսեր-եկամուտ= խնայողություն բանաձևի փոխարեն մենք ունենում ենք եկամուտ- խնայողություն= ծախսեր մաթեմատիկական հաշվարկը: Որքան էլ բանաձևերը իրար նման թվան, կա տարբերություն. այս կանոնով միանգամից հանում ենք  գումարը, որը պետք է խնայենք: Փորձը ցույց է տալիս, որ հենց սկզբից խնայողության գումարը առանձնացնելու դեպքում ամսից ամիս ավելի քիչ գումար ենք ծախսում և ավելի շատ գումար կուտակում վաղվա օրվա համար:

50%` հիմնական կարիքների համար

Ծախսերը և խնայողությունները վերահսկելու ժամանակ կարևոր է, որ ամսական եկամուտի կեսից ավելը չհատկացնեք հիմնական կարիքներին:

Ահա, թե ի՞նչ ասել է հիմնական կարիք:

  • Առկայության դեպքում տան վարձակալության վճար կամ հիփոթեքի ամսական վճար
  • Կոմունալներ
  • Ուտելիք
  • Մանկապարտեզի, դպրոցի վճարներ, եթե առկա են:
  • Հագուստ և կոշիկ
  • Տրանսպորտի ծախս

Այս ծախսերի ընդհանրությունը կայանում է նրանում, որ վերջիններս էական են մեր առօրյայի համար:

20% խնայողություն

Սա ամենացավալի կետն է, քանի որ այս գումարը հանելուց հետո ամսական ծախսի գումարը միշտ մեր աչքին քիչ է երևում: Այստեղ կա 2 կարևոր պայման. նախ և առաջ հենց սկզբից պետք է այդ գումարը առանձնացնել, որպեսզի ցանկացած պլան կազմելուց հիմնվեք մնացած գումարի վրա: Երկրորդ կարևոր կետն այն է, որ դրական վերաբերմունք ձևավորեք այս ամսական ‹‹կորստի›› հանդեպ:  Ունեցեք խնայողական հաշիվ, որպեսզի կուտակած գումարը Ձեր աչքի առաջ լինի: Ավելացված տոկոսադրույքը ևս դրական ազդեցություն կունենա Ձեր տրամադրվածության վրա:

30% հաճույքների համար

Սա այս կանոնի ամենահաճելի մասն է: Բացի գումար խնայելուց պետք է նաև ապրել, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս Ձեր ամսական եկամուտի 30%-ը հատկացնել այնպիսի ծախսերի, որոնք բարելավում են Ձեր կյանքի որակը: Այս կատեգորիայի մեջ մտնում են այնպիսի ժամանցի տեսակներ, ինչպես օրինակ կինո գնալը, ռեստորանում ընթրելը, հանգստյան օրերը քաղաքից դուրս անցկացնելը և այլն:  

Նախորդ գրառումը՝ ‹‹Ջեռուցում. ինչպե՞ս խնայել›› թեմայով: