Տարեց մարդկանց մոտ ներքնակի տակ կամ չօգտագործվող վազայի մեջ կանխիկ գումար պահելը տարիների սովորություն է: Սակայն սա այն դեպքն է, երբ մեծերին հետևելը ճիշտ որոշում չէ:
Տանը մեծ գումար պահելը լավ գաղափար չէ հետևյալ պատճառներով.
-
Ձեր խնայողությունը ժամանակի ընթացքում կկորցնի իր արժեքը:
Դարակում կամ ներքնակի տակ գումարը չի ավելանում, ավելին, ժամանակի ընթացքում հետզհետե կորցնում է իր արժեքը: Տանը գումար պահելու դեպքում հաշվեք, որ տարեկան ինֆլյացիայի արդյունքում այն կրճատվում է առնվազն 3%-ով:
Գումարը բանկում ավանդի տեսքով պահելու դեպքում տարեկան նույնիսկ 5%-ով ավելանալու դեպքում իրավիճակը շատ ավելի լավ է, քան տնային պայմանների ‹‹0%-ը››:
Եթե հետևեք մեր խորհրդին և որոշեք կանխիկ գումար պահելու փոխարեն ավանդ դնել, ապա մտածեք՝ ինչպե՞ս եք ուզում օգտագործել այն.
– Արդյո՞ք անհրաժեշտ է, որ հեշտությամբ հասանելիություն ունենաք Ձեր գումարին:
– Հավաքու՞մ եք գումարը հստակ նպատակի համար, ինչպես օրինակ՝ հարսանիք կամ արձակուրդ:
– Կարո՞ղ եք մոռանալ այս գումարի մասին մեկ կամ մեկից ավելի տարիներ:
Այս հարցերին պատասխանելու արդյունքում ավելի հեշտ կկողմնորոշվեք՝ ինչ տեսակի հաշիվ է Ձեզ նպատակահարմար: Իհարկե ոչինչ չունենալու համեմատ ինչ-որ տոկոս ստանալը լավ է, սակայն քչով բավարարվելու փոխարեն հորդորում ենք անպայման ուսումնասիրել տարբեր բանկերի առաջարկները և ընտրել մաքսիմալ շահավետ տարբերակը:
-
Մշտապես կա գողության կամ հրդեհի վտանգ:
Կանխիկ գումար տանը պահելը մշտական լարվածություն է ենթադրում: Երկարաժամկետ տնից բացակայելիս հաստատ կմտահոգվեք գումարի անվտանգության համար: Միաժամանակ բացառված չէ հրդեհի հավանականությունը:
Բանկը գումարը պահելու ամենաանվտանգ տեղն է: Նույնիսկ մինիմալ անվտանգության պահանջներին հետևող բանկերում գումարն ավելի ապահով է, քան տանը կամ Ձեր պայուսակի մեջ:
-
Կանխիկ գումարը ենթադրում է գումարի ավելորդ վատնում:
Որքան շատ կանխիկ գումար, այնքան ծավալով մեծ և հաճախակի ծախսեր: Մեծ գումարի առկայությունը ենթադրում է, որ գումարի կառավարումը կարող է անվերահսկելի դառնալ: Դա մարդկային հոգեբանության հաճախակի հանդիպող պրակտիկա է, երբ անհրաժեշտ գումար ունենալու դեպքում պարբերաբար գալիս են այն եզրակացության, որ հոգ չէ և կարող են x գումար ծախսել այս կամ այն հաճույքի վրա:
Մեր խորհուրդը՝ գումարը կարևոր ակտիվ է, որ պետք է անընդհատ նոր գումար բերի: Դուք որոշեք՝ դա անե՞լ բանկի միջոցով թե՞ ներդնել այն գործի մեջ:
Կարդացե՛ք նաև մեր խորհուրդները ավանդ դնելու վերաբերյալ: