Հիփոթեքային վարկ

4508
Հիփոթեքային վարկ

Հիփոթեքային վարկերի նկատմամբ վերաբերմունքը շատ ավելի դրական է, քան մյուս վարկատեսակների դեպքում: Հիփոթեքային վարկ վերցնելը հասարակության մեջ արդարացված է այնքանով, որ արդյունքում Դուք կապիտալ եք ձեռք բերում:

Տուն գնելը կամ վերակառուցելը թանկ հաճույք է, և եթե Դուք չունեք խնայողություններ, ապա հիփոթեքային վարկ վերցնելը հարցը լուծելու հիմնական ճանապարհն է:

Հիփոթեքն ունի հետևյալ առանձնահատկությունները.

  1. Հիփոթեքային վարկերի դեպքում ֆինանսական կազմակերպությունները պահանջում են գրավ: Սովորաբար գրավ է դառնում հենց ձեռք բերվող տունը կամ բնակարանը:
  2. Սա այն վարկատեսակն է, որի դեպքում պարտադիր պետք է կանխավճար վճարեք: Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները որպես կանխավճար պահանջում են անշարժ գույքի 20-30%-ը: Սա մեծ ներդրում է, և ֆինանսական կազմակերպությունը պետք է վստահ լինի Ձեր վճարունակության հարցում: Եթե գիտեք, որ մոտ ժամանակներս չեք կարող հավաքել  այդքան կանխավճար, կարող եք փնտրել առանց կանխավճարի տարբերակներ: Վերջին շրջանում Հայաստանում կան բանկեր, որոնք տրամադրում են առանց կանխավճարի հիփոթեքային վարկեր՝ պայմանով, որ Դուք որպես գրավ պետք է դնեք նաև որևէ այլ սեփականություն:
  3. Հիփոթեքային վարկը կանխավճարից բացի ենթադրում է այլ ծախսեր ևս: Նման ծախսեր են նոտարի և կադաստրի վճարները, անշարժ գույքի գնահատման և ապահովագրության վճարները: Երբեմն նաև պահանջում են վարկառուի և համավարկառուի համար դժբախտ պատահարներից ապահովագրություն: Ապահովագրության դեպքում հաշվի առեք, որ Դուք ծախսը կանեք ամեն տարի:

Խորհուրդներ հիփոթեքային վարկ վերցնելուց առաջ

  • Գտե՛ք ամենահարմար տարբերակը

Հավանաբար հեռուստատեսությամբ կամ ռադիոյով անընդհատ լսում եք այս կամ այն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից առաջարկվող հիփոթեքային վարկերի գովազդներ: Երբեմն կոնկրետ թիրախի համար նախատեսված հատուկ ծրագրերը բավականին հարմար պայմաններ են ունենում: Գտե՛ք այնպիսի տարբերակ, որի թիրախի պայմաններին համապատասխանում եք:

Այցելե՛ք տարբեր կազմակերպությունների կայքեր, զանգահարեք սպասարկման կենտրոններ կամ մոտեցեք մասնաճյուղեր: Հիփոթեքային վարկ վերցնելը լուրջ որոշում է ու մեկ օրվա և նույնիսկ մեկ շաբաթվա ընթացքում  որոշում կայացնելը սխալ է:

Այսօր պետությունը Հայաստանում իրականացնում է ‹‹Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան›› ծրագիրը, որի շրջանակներում տուն ձեռք բերելու համար երիտասարդ ընտանիքներին աջակցություն է տրամադրում: Վերջինիս պայմանները բավականին մատչելի ներկայացված են abcfinance կայքում:

  • Տոկոսադրույքը հաստատուն է թե՞ փոփոխական

Հաստատուն տոկոսագումարի դեպքում շուկայում առկա փոփոխությունները Ձեր վարկի տոկոսագումարի վրա չեն ազդի, իսկ փոփոխական տոկոսագումարը շուկայական միտումներից կախված փոփոխվում է: Կայուն տնտեսական աճ ունեցող երկրների դեպքում լողացող տոկոսադրույքները ձեռնտու են, սակայն եթե երկրում ճգնաժամային իրավիճակ է, ապա խորհուրդ ենք տալիս խուսափել փոփոխական տոկոսագումար ունեցող հիփոթեքային վարկատեսակներից:

  • Ինչպիսի՞ն է վարկի վաղաժամկետ մարման պայմանները

Համոզվե՛ք, որ վաղաժամկետ վարկը մարելու դեպքում որևէ տուգանք չկա, և եթե Ձեզ հաջողվի ավելի շուտ մարել վարկը, ապա Դուք արդյունքում միայն կշահեք:

  • Որոշե՛ք ամսական մարման չափը

Առաջին հայացքից ամսական որքան քիչ գումար մարեք, այնքան լավ Ձեզ համար, քանի որ Ձեր բյուջեի վրա լուրջ հետք չի թողնի: Սակայն որքան քիչ գումար կազմի ամսական մարումը, այնքան երկարաժամկետ կլինի վարկը: Իսկ երկարաժամկետ վարկերի դեպքում, որպես կանոն, տոկոսադրույքները ավելի բարձր են:

Ընտրե՛ք ամսական մարման այն մաքսիմալ գումարը, որը հաստատ կկարողանաք վճարել, բայց ոչ ավելի քիչ գումար, որպեսզի հնարավորինս քիչ տոկոսագումարներ վճարեք:

  • Անուիտետային թե՞ դիֆերենցացված վճարում

Անուիտետային մարումը նշանակում է, որ ամսական մարման գումարը նույնը կլինի վարկի մարման ամբողջ ընթացքում:  Դիֆերենցացված մարման դեպքում ամսական մարման գումարը հետզհետե  կնվազի: Դիֆերենցացված վճարման տարբերակ ընտրե՛ք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ առաջին ամիսներին կկարողանաք դիմակայել վարկային ծանրաբեռնվածությանը:

Հիփոթեք վերցնելուց հաշվարկե՛ք այնպես, որ ամսական մարումը կազմի ավելի քիչ, քան Ձեր ամսական ֆինանսական հոսքերի 30-35%-ը: Երկարաժամկետ վարկ վերցնելուց առաջ խորհուրդ ենք տալիս երկարաժամկետ պլանում մտածել:

Կարդացե՛ք նաև մեր խորհուրդները՝ ինչ անել, եթե ֆինանսական կազմակերպության դեմ բողոք ունեք: