Պատասխանատու վարկավորում

1999
վարկ

Վարկավորումը հարմար տարբերակ է, որպեսզի գնեք իրեր կամ իրականացնեք որոշակի պլաններ, որոնք հակառակ դեպքում կարող էիք Ձեզ թույլ տալ ամիսներ կամ տարիներ անց:

Անկախ նրանից՝ արդյոք պլանավորում եք մեքենա գնել, ամուսնանալ, կրթության համար վճարել կամ հոգալ ընտանեկան ծախսերը, միշտ չէ, որ վարկ վերցնելը ամենալավ տարբերակն է:

Կարո՞ղ եք վարկը մարել:

Վարկի դիմելուց առաջ խորհուրդ ենք տալիս ժամանակ ծախսել և մտածել՝ արդյոք Ձեր ամսական ծախսերից զատ ի վիճակի եք կատարել ամսական մարումները.

– Ի՞նչն է վարկ վերցնելու պատճառը:

Կրթության կամ բժշկական ծախսերը հոգալու համար վարկ վերցնելը գուցե իմաստ ունի, բայց օրինակ միշտ չէ, որ խելամիտ քայլ է արձակուրդի կամ ոչ առաջնային խնդիրները հոգալու համար վարկ վերցնելը:

– Վարկ վերցնելը ամենահարմար տարբերա՞կն է:

Միշտ չէ, որ վարկը միակ տարբերակն է: Գուցե՞ կան այլ տարբերակներ, որպեսզի հասնեք Ձեր նպատակին առանց պարտքի տակ ընկնելու: Կամ կարող եք վարկ վերցնելու փոխարեն որոշ ժամանակ խնայել:

– Որքա՞ն գումար վերցնել վարկով:

Յուրաքանչյուրիս ֆինանսական վիճակը տարբեր է, բայց պետք է խուսափել վարկով վերցնել ավելի շատ գումար, քան կարող եք վճարել: Մինչ վարկի դիմելը համոզվեք, որ կկարողանաք մարել այն: Անպայման հաշվի առեք նաև տոկոսագումարները: Անպայման վարկատու կազմակերպությունից վերցրեք մարման գրաֆիկ:

– Ի՞նչ ‹‹արժե›› վարկը:

Վարկով գումար վերցնելու դեպքում մայր գումարին ավելանում է նաև տոկոսագումար: Պարտադիր իմացեք տոկոսադրույքը և ճշտեք՝ արդյոք կան այլ վարձավճարներ և ի՞նչ պայմաններ են գործում վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում, որքա՞ն կկազմի տույժը կետանցի դեպքում և այլն:

Մինչ վարկ վերցնելը
  • Ամսական բյուջե կազմեք, հաշվեք Ձեր բոլոր ծախսերը և հստակեցրեք՝ որքան գումար կարող եք հատկացնել մարմանը:
  • Հաշվի առեք՝ որ շատ հնարավոր է, որ ամսվա ընթացքում ի հայտ գան նաև անսպասելի ծախսեր:
  • Վարկով վերցրեք այնքան գումար, որքանի կարիք ունեք: Մի գայթակղվեք այն հանգամանքով, որ կազմակերպությունը Ձեզ առաջարկում է ավել գումար:
  • Ուսումնասիրեք շուկան. Գտեք ամենահարմար պայմաններով վարկատեսակը:
  • Ընտրեք Ձեր նպատակին համապատասխան վարկատեսակ:
Ո՞ր դեպքում վարկ չվերցնել
  • Ամենօրյա ծախսերը հոգալու համար. Այս դեպքում Դուք էլ ավելի կվատացնեք Ձեր ֆինանսական վիճակը:
  • Կամընտրական ծախսեր անելու համար. Եթե հնարավոր է որոշ ժամկետով հետաձգել գնումը և գումար խնայել, այդպես էլ վարվեք:
  • Այլ վարկերի մարումները անելու համար. Եթե խրվել եք վարկերի մեջ, ապա ավելի խորանալը կլինի Ձեր մեծագույն սխալը:

Վարկի դիմելուց առաջ կարող եք գտնել օգտակար խորհուրդներ նաև ABCfinance կայքում:

Կարդացեք նաև մեր խորհուրդները՝ ո՞ր դեպքում ստանձնել վարկի երաշխավորություն: