Ջեռուցում: Ինչպե՞ս խնայել

248
ջեռուցում

Ձմեռը շատերիս մոտ ասոցացվում է ընտանեկան պահերի և տոնական տրամադրության հետ: Սակայն, որպես կանոն, ձմեռվա մասին խոսելիս հիշում ենք նաև կոմունալների ակնկալվող կտրուկ աճի մասին, որը սովորաբար սկսում է աշնան վերջին և շարունակվում է մինչև գարնան սկիզբ:

Ահա, թե ինչպես խնայողաբար ջեռուցում օգտագործել և միաժամանակ չմրսել:

Ուշադրություն դարձրեք պատուհաններին:

Միջինում պատուհանների պատճառով ջեռուցման 10-25%-ի կորուստ ենք ունենում: Փակեք վարագույրները երեկոյան ժամերին, որպեսզի ջերմությունը ներսում մնա: Եթե զգում եք, որ որևէ պատուհանից միջանցիկ քամի է ներս մտնում, ապա երեկոյան ժամերին և հատկապես գիշերը անպայման այդտեղ հաստ կտոր դրեք:

Ձմռանը տունը զարդարեք տաք ‹‹աքսեսուարներով››:

Տանը տաք միջավայրի ստեղծման կարևորագույն նախապայմանը ամենուրեք փափուկ էլեմենտների կիրառումն է: Ծածկվեք տաք վերմակներով, բազմոցի վրա փափուկ ծածկոց ունեցեք, հատակը ծածկեք գորգով:

Օգտվեք արևի ջերմությունից

Ցերեկվա ժամերին պարտադիր բացեք վարագույրները: Արևի ճառագայթները միանշանակ կփոխեն օդի ջերմաստիճանը, իսկ գիշերը փակեք վարագույրը, որպեսզի տաքը ներսում մնա:

Պարբերաբար փոխեք ֆիլտրերը և մաքրեք ռադիատորները

Կեղտոտ ֆիլտրի դեպքում ավելի շատ ջեռուցում է ծախսվում նույն ջերմաստիճանը ապահովելու համար: Պարբերաբար մաքրելու դեպքում խնայողությունը ակնհայտ կլինի:

Տաք հագնվեք

Եթե Դուք տանն եք, ապա դա չի նշանակում, որ պետք է թեթև հագնվեք: Ձմեռը ձմեռ է՝ անկախ նրանից, դուրս կգնաք թե չէ: Այդ պատճառով հագեք սվիտեր, փափուկ տաբատ, գուլպաներ և հողաթափեր: Հարմար ծածկոց ունեցեք բազմոցի վրա, որով կարող եք ծածկվել հեռուստացույց դիտելիս: Արդյունքում տանը ջերմաստիճանը կարող է 2-3 աստիճանով ցածր լինել, բայց Դուք չեք մրսի:

Ջեռուցումը ցածր ջերմաստիճանի վրա թողեք գիշերը և անջատեք, երբ տանը չեք

Գիշերը ձմեռային վերմակով ծածկվելու դեպքում պարտադիր չէ, որ ցերեկվա ջերմաստիճան ապահովեք տանը: Եթե օրվա ընթացքում մի քանի ժամով դուրս եք գալիս տանից, ապա կարող եք ջեռուցումը առհասարակ անջատել: Տուն մտնելուց բարձր ջերմաստիճանի տակ 20 րոպե միացրեք ջեռուցումը և օդի ջերմաստիճանը կփոխվի:

Ճիշտ դասավորեք կահույքը

Ռադիատորի դիմաց բազմոց կամ սեղան դնելու դեպքում Դուք լրացուցիչ պատնեշ կստեղծեք ջերմության համար: Խորհուրդ ենք տալիս ռադիատորի դիմաց ոչինչ չունենալ, որպեսզի ՕԳԳ-ն հնարավորինս բարձր լինի:

Նախորդ գրառումը՝ ‹‹Հնարքներ Գուգլ-ի միջոցով որոնումներ անելիս›› թեմայով: