Ռիսկ: Ինչպե՞ս վերահսկել

881
ռիսկ

Ռիսկ բառը շատերի մոտ ասոցացվում է հենց ֆինանսական ոլորտի հետ: Իսկապես, որպես կանոն, մենք հաճախ ռիսկի տակ ենք դնում հենց մեր ֆինանսները: Ռիսկի դիմելը վատ բան չէ, եթե այն վերահսկելի է և հաշվարկված:

Ահա մի քանի ռազմավարական քայլեր, թե ինչպես կառավարել ռիսկերը:

  1. Ճանաչեք ինքներդ Ձեզ

Կյանքի ընթացքում պետք է սերտել ֆինանսական դասերը: Յուրաքանչյուր սխալից հետո համոզվեք, որ քաղել եք անհրաժեշտ դասը և հետագա որոշումներ կայացնելուց հիմնվեք Ձեր փորձի վրա:

Այսպիսով՝ վերլուծեք Ձեր ռիսկի ‹‹պրոֆիլը›› և առաջնորդվեք Ձեր ուժեղ կողմերով, որպեսզի հաջողության հավանականությունը մեծացնեք:

  1. Համոզվեք, որ ցանկացած պահի ունեք պահանջարկ ունեցող հմտություններ

Դինամիկ և մրցակցային միջավայրում աշխատելու դեպքում կարևոր է, որ երբեք չսահմանափակվեք Ձեր գիտելիքների բազայով: Հաստատ պարբերաբար լսում եք ոչ ոք անփոխարինելի չէ արտահայտությունը: Աշխատեք Ձեր հմտությունների վրա, կատարելագործեք գիտելիքները, որպեսզի Դուք արժեքավոր լինեք Ձեր կազմակերպության համար և առհասարակ, Ձեր ոլորտում:

  1. Ունեցեք ապահովագրություն

Շատերը փորձում են խուսափել ավտոմեքենան ապահովագրելուց: Այլոց համար էական չէ առողջության ապահովագրությունը: Ցավոք, երբեմն չենք ունենում անհրաժեշտ գումար ինքներս մեզ նախապես ապահովագրելու համար: Բայց եթե կարող եք դա Ձեզ թույլ տալ, ապա հորդորում ենք պարտադիր ապահովագրվել կյանքի անսպասելի իրավիճակներից:

  1. Դիվերսիֆիկացրեք Ձեր եկամուտի աղբյուրները

Միայն աշխատանքից եկամուտ ստանալը ինքնին ռիսկ է, քանի որ ոչ ոք չգիտի՝ ի՞նչ է իրեն սպասում վաղը: Շատ ավելի լավ է, եթե կարողանաք խնայողություն անել և արդյունքում համագործակցել բանկի հետ՝ ավանդի տեսքով: Ձեր ունեցած գումարը որպես եկամտի աղբյուր դիտարկելը շատ խելամիտ դիրքորոշում է: Միաժամանակ կարող եք երկրորդ աշխատանք գտնել, Ձեր հոբբին դարձնել եկամտի աղբյուր և այլն:

  1. Ունեցեք ‹‹արտակարգ իրավիճակների ֆոնդ››

Որպես կանոն, անձը պետք է որպես խնայողություն ունենա 2-3 ամսվա ծախսերին համապատասխան գումար: Պատկերացրեք՝ վաղը կորցնում եք աշխատանքը, փոխվում են աշխատանքային պայմանները և այլն: Դա ռիսկ է, որից խուսափելու համար պետք է կարողանաք առնվազն 2 ամիս գոյատևել: Սա այն միջին ժամկետն է, որը թույլ կտա Ձեզ չընդունել առաջին իսկ պատահած աշխատանքը և ժամանակ հատկացնել լավ աշխատանք գտնելու համար:

  1. Վերահսկեք պարտքերը

Շատ հաճախ ռիսկերի հանդիպում ենք հենց պարտքերի պատճառով: Ընդ որում, պարտք ասելով հասկանում ենք ինչպես ընկերների կամ գործընկերի, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորությունները: Հիշեք՝ վարկի տեսքով ստացած գումարը Ձեր գումարը չէ և փորձեք հնարավորինս շուտ վերադարձնել այն:

Կարդացեք նաև մեր գրառումը՝ ‹‹Ինչպե՞ս խուսափել ֆինանսական խարդախություններից›› թեմայով: