Տարիներ շարունակ հեռուստագովազդները, բիլբորդներն ու ամսագրերը ազդել են մեր գնումների որոշումների վրա: Այժմ մեծ տարածում ունեն նաև սոցիալական ցանցերը, որ մեկ այլ հզոր հարթակ են գնման որոշումների կայացման հարցում:
Facebook-ը, Instagram-ը, Pinterest-ն ու մյուս կայքերը մարդկանց հետևելու և նրանց նկարները հավանելու հիմնական գործառույթի փոխարեն այժմ ակտիվորեն օգտագործվում են գովազդատուների կողմից՝ արդյունքում ազդելով մեր կյանքի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ ֆինասների վրա:
Բազմաթիվ հետազոտություններ են կատարվում, որպեսզի պարզեն՝ մարդկանց քանի՞ տոկոսն է գնումների որոշումներ կայացնում սոց ցանցերի միջոցով: Միջին թիվը տատանվում է 72-74%-ի միջակայքում:
Ահա՝ թե ինչպես է դա աշխատում.
‹‹Սոցիալական ազդեցիկների›› կարծիքներ
‹‹Սոցիալական ազդեցիկներ›› տերմինը մեծ տարածում է գտել վերջին շրջանում և այն ներկայացնում է այն բոլոր անհատներին, ովքեր շատ հետևորդներ ունեն սոց ցանցերում: Քանի որ այս անձինք շատ հետևորդներ ունեն, բիզնեսները հաճախ ներգրավում են նրանց իրենց պրոդուկտները խթանելու նպատակով:
Եթե շատ հետևորդներ ունեցող էջը գրել է, թե որքան հարմարավետ է X բրենդի իր նոր ջինսը կամ որքան է հավանում այս կամ այն ռեստորանի մենյուն, ապա դա միանշանակ որպես փաստ ընդունել պետք չէ:
Ընկերների կամ ընտանիքի անդամների կարծիքներ
Սոցիալական ցանցերից օգտվելու դեպքում մենք կապվում ենք նաև հարազատների և ընկերների հետ, որոնց հետ այդքան հաճախ չենք հանդիպում: Նրանք բոլորը սոցիական ցանցեր օգտագործելու արդյունքում կիսվում են նոր պրոդուկտների մասին կարծիքներով, ինչը զգալի ազդեցություն է ունենում մեզ վրա:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց 80%-ը գնման որոշում կայացնում է հենց ընկերների առաջարկների հիման վրա:
Ընկերների խորհուրդներին հետևելը շատ ավելի ճիշտ մոտեցում է, քան ազդեցիկների խորհուրդներին, սակայն կարևոր է, որ արդյունքում չանեք ավելորդ գնումներ: Անկախ նրանից՝ որքան լավն է այս կամ այն պրոդուկտը, գնեք միայն այն դեպքում, եթե Ձեզ իրոք անհրաժեշտ է:
Ընկերությունների ներկայություն սոցիալական ցանցերում
Սոցիալական ցանցերում բիզնեսները հնարավորինս լավ են ներկայանում: Ընդմիջման ժամին կիսվում են ախորժելի տեսքով կերակուրների նկարներով, գարնան սկզբից աշխատանքային ժամերին բոլորիս հետաքրքրությունը գրավում են տուրիստական առաջարկները, ամռան շոգ ժամերին սոցիական ցանցերում ակտիվ են զովացուցիչ ըմպելիքներ արտադրողները և այլն:
Այստեղ շատ կարևոր է կամքի ուժ ունենալը, որպեսզի չտարվեք նմանատիպ առաջարկներով և ավելորդ գումար չծախսեք:
Սոցիալական ցանցեր: Ազդեցությունը
Ֆինանսական որոշումների վրա սոցիալական ցանցերի ազդեցությունը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ: Դրական է այն հանգամանքը, որ Դուք ձեռք եք բերում փորձված ապրանք, տեղյակ եք լինում ակցիաներից:
Ահա մի քանի բացասական հետևանքներ.
Հանրության մտածելակերպի շահագործում
Սա այն ներքին ձայնն է, որ Ձեզ ստիպում է ինչ-որ բան գնել, որովհետև բոլորն արդեն ունեն և Դուք չեք ցանկանում հետ մնալ:
Ուշադրության գրավում
Հեռուստագովազդի կամ արտաքին գովազդի դեպքում բոլորս գիտենք, որ դա գովազդ է և ամեն կերպ փորձում ենք խուսափել դրանից: Սոցիալական ցանցերի դեպքում խուսափելու սովորություն դեռևս չունենք: Այստեղ ամենուրեք տպավորիչ վիզուալներ և հաճախորդների կարծիքներ են, ինչը գրավում է ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեր բանկային քարտին:
Կարդացեք նաև մեր գրառումը
‹‹Անկանխիկ հասարակություն. հիմնական խնդիրները›› թեմայով: