Վատ վարկային պատմություն: Ի՞նչ անել

20911
վարկային պատմություն

Մեզանից յուրաքանչյուրը կյանքի որոշակի փուլում առնչվում է վարկային ոլորտին: Եթե Դուք անձամբ վարկ չվերցնեք էլ, մեծ է հավանականությունը, որ ինչ-որ մեկին երաշխավոր կլինեք: Այս ամենի հիման վրա Դուք ձևավորում եք վարկային պատմություն:

Վարկային պատմությունը ֆինանսական կազմակերպության հանդեպ մարդու սովորությունների և պարտաճանաչության արտացոլումն է: Այն ցույց է տալիս գործող և մարված վարկերի ամբողջ պատմությունը:

Ինչու՞ է վարկային պատմությունը կարևոր:

Վարկային պատմության հիման վրա բանկերը և վարկային կազմակերպությունները կայացնում են հետևյալ որոշումները.

– Վարկ տրամադրե՞լ թե ոչ;

– Որքա՞ն վարկ տրամադրել;

– Ի՞նչ պայմաններով տրամադրել գումարը:

Եթե ժամանակին ֆինանսական կազմակերպությունները վարկի տրամադրման որոշումը կայացնում էին՝ հիմք ընդունելով աշխատավարձը, ապա այսօր շեշտը դրվում է վարկային պատմության վրա: Զարմանալի չէ, որ շատ բանկեր և վարկային կազմակերպություններ մերժում են հաճախորդներին վարկային պատմություն չունենալու պատճառով:

Դրական վարկային պատմությունը հուշում է հաճախորդի վճարունակության մասին: Այն հաճախ ապահովում է վարկի տրամադրման համար բարենպաստ պայմաններ (օրինակ՝ ցածր տոկոսադրույք, մարման երկար ժամկետ, պարզեցված փաստաթղթաբանություն):

Ի՞նչ անել, եթե ունեք վատ վարկային պատմություն

Հանրության մեջ տարածված է ‹‹սև ցուցակ›› հասկացությունը: Այդպիսի տերմին գոյություն չունի, կա ուղղակի վատ վարկային պատմություն: Այն գոյանում է Ձեր կամ Ձեր երաշխավորությամբ տրամադրված վարկերի ուշացումների հիման վրա:

Ինչպե՞ս բարելավել վատ վարկային պատմությունը.

  1. Դիմե՛ք և ստացե՛ք Ձեր վարկային պատմությունը: Նախ և առաջ սկսեք նրանից, որ դիմեք ԱՔՌԱ վարկային բյուրոյին: Պարզեք՝ ինչ տվյալներ են պահվում այնտեղ Ձեր մասին: Տարին մեկ անգամ վարկային բյուրոն այս տեղեկատվությունը տրամադրում է անվճար: Հավելյալ դեպքերում ծառայության դիմաց գանձվում է որոշակի գումար:
  2. Ստուգե՛ք վարկային պատմությունը: Եթե Դուք գտնում եք, որ Ձեր վարկային պատմության մեջ սխալ կա, ապա պարտադիր ճշտեք՝ որ ֆինանսական կազմակերպությունից է եկել սխալը: Դիմե՛ք կազմակերպությանը, որպեսզի շտկեն այն: Հետևե՛ք, որ Ձեր մասին տեղեկատվությունը թարմացվի վարկային բյուրոյում:
  3. Մարե՛ք նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունները: ԱՔՌԱ վարկային բյուրոն պահպանում է վերջին 5 տարվա վարկային պատմությունը: Այնպես որ եթե այդ ժամանակահատվածում ունեք ժամկետանց վարկեր, ամբողջովին մարեք դրանք: Թեկուզ ուշացումով պարտավորությունների մարումը նշանակում է, որ Դուք վերականգնել եք Ձեր վճարունակությունը:
  4. Մի՛ ուշացրեք Ձեր վարկային պարտավորությունները: Եթե ունեք գործող վարկեր, ապա բացառեք թեկուզ մեկ օրով ուշացումները: Վարկի մարման գրաֆիկին հետևելը խոսում է Ձեր ներկա վարկունակության մասին:
Ինչպե՞ս ապահովել դրական վարկային պատմություն

Ձեր վարկային սքորը բարձրացնելու համար խորհուրդ ենք տալիս վերը նշված քայլերին զուգահեռ հետևել այս խորհուրդներին.

  1. Նվազեցրե՛ք առկա վարկերի քանակը: Հաճախորդի վարկային ծանրաբեռնվածությունը գնահատելիս բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները հաշվի են առնում առկա վարկերի քանակը:
  2. Նվազեցրե՛ք առկա վարկերի գումարը: Եթե այս պահին չեք կարող ամբողջովին մարել վարկերը, ապա խորհուրդ ենք տալիս գոնե մասամբ վճարել: Վարկերի արագ մարումը ոչ միայն կօգնի նվազեցնել Ձեր վարկային ծանրաբեռնվածությունը, այլ նաև կխոսի Ձեր վարկունակության մասին:
  3. Նվազեցրե՛ք տրված երաշխավորությունների քանակը և գումարը: Վարկառուն վարկային ծանրաբեռնվածությունը գնահատելիս հաշվի է առնում նաև բոլոր այն գործող վարկերը, որոնցում Դուք երաշխավոր եք: Եթե գիտեք, որ մոտ ժամանակներս կարող եք դիմել վարկ վերցնելու համար, ցանկալի է երաշխավորություն չվերցնեք:
  4. Աշխատե՛ք չմերժվել ֆինանսական կազմակերպության կողմից: Կարճ ժամանակահատվածում տարբեր ֆինանսական կազմակերպություններում վարկային հայտ ներկայացնելն ու մերժումները բացասական են անդրադառնում վարկային սքորինգի վրա: Դիմեք միայն այն դեպքում, եթե ֆինանսական կազմակերպության աշխատակիցը հաստատում է, որ հավանականություն կա, որ Ձեր հայտը կհաստատվի:

Վարկային վատ պատմությունից խուսափելու կարևորագույն նախապայմանը վարկերի հանդեպ լուրջ վերաբերմունքն է: Վերցրե՛ք վարկը միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ կկարողանաք մարել այն:

Պլանավորու՞մ եք վարկ վերցնել: Կարդացեք նաև՝ խելամիտ վարկ վերցնելու մեր խորհուրդները: