Վարկերի տեսակները

3442
Վարկերի տեսակները

Վարկերի տեսակները քննարկելուց առաջ փորձենք հասկանալ, թե ինչ է վարկը: Վարկը գրավոր պայմանավորվածություն է Ձեր եւ ֆինանսական կազմակերպության միջև, որի համաձայն կազմակերպությունը Ձեզ պարտքով տրամադրում է դրամական միջոցներ, իսկ Դուք պարտավորվում եք պայմանավորված ժամկետում վերադարձնել ինչպես այդ գումարը, այնպես էլ նախապես համաձայնեցված տոկոսագումարները:

Կախված Ձեր նպատակից և կարիքից՝ կարող եք դիմել տարբեր վարկատեսակների:

Ստորև ներկայացնում ենք ֆիզիկական անձանց եւ փոքր ձեռնարկատերերի համար տարածված վարկերի տեսակները Հայաստանում.

Սպառողական վարկեր

Սպառողական վարկը նոր ապրանք ձեռք բերելու, ֆինանսական դժվարությունները հաղթահարելու կամ այլ նպատակներով ֆիզիկական անձանց տրամադրվող վարկատեսակ է: Որպես կանոն, այն կարող է լինել կարճաժամկետ կամ ունենալ միջին ժամկետայնություն:

Այս վարկատեսակը լինում է ինչպես դրամական միջոցների, այնպես էլ ապրանքի տեսքով: Որպես այդպիսին, այսօր Հայաստանում շատ տարածված է ապառիկը. ֆիզիկական անձը խանութից ձեռք է բերում ապրանք, նրա փոխարեն՝ ժամանակավոր վճարում է բանկը կամ վարկային կազմակերպությունը:

Ավտովարկեր

 Այսօր Հայաստանում թե՛ բանկերը և թե՛ վարկային կազմակերպությունները բավականին շատ ավտովարկեր են տրամադրում: Ավտովարկերը տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով և միջինում կանխավճարը կազմում է ավտոմեքենայի գնի մոտավոր 20%-ը: Որոշ բանկեր և վարկային կազմակերպություններ ունեն նաև ավտոմեքենաների վաճառքով զբաղվող դիլեր ընկերություններ, որոնցից մեքենան վերցնելու դեպքում վարկառուները ստանում են ավելի ցածր տոկոսադրույքներ:

Լոմբարդային վարկեր

Այս վարկատեսակը ևս բավականին տարածված է Հայաստանում: Այն ևս տրամադրվում է ֆիզիկական անձանց և որպես վարկի ապահովության միջոց ֆինանսական կազմակերպությունը պահանջում է թանկարժեք զարդեր, ավտոմեքենաներ և այլն:  Գրավատների կողմից առաջարկվող վարկի տոկոսադրույքները ևս կանոնակարգվում են օրենքով և վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից: Ֆինանսական կազմակերպության աշխատակիցը գրավը գնահատում է տեղում:

Հիփոթեքային վարկեր

Հիփոթեքային վարկերը տրամադրվում են տուն կամ բնակարան ձեռք բերելու, վերանորոգելու նպատակով: Տվյալ դեպքում վարկային ապահովության միջոց է համարվում ձեռքբերվող (վերանորոգվող/ կառուցապատվող) տունը կամ հողամասը: Հայաստանում առավել բարենաստ են հիփոթեքային վարկի պայմանները երիտասարդ ընտանիքների համար: Հատկապես բարձր աշխատավարձ ունեցող զույգերը հիփոթեքով բնակարան են ձեռք բերում կառուցապատողից, իսկ տոկոսադրույքը մարվում է եկամտահարկից:

Գյուղատնտեսական վարկեր

Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման նպատակով ինչպես բանկերը, այնպես էլ վարկային կազմակերպությունները տրամադրում են գյուղատնտեսական վարկեր: Նպատակը գյուղատնտեսական արտադրության խթանումն է:

Ուսումնական վարկեր

Այս վարկատեսակը օգնում է ֆիզիկական անձանց մասնակի կամ ամբողջությամբ լուծել կրթության հետ կապված ծախսերը: Հայաստանում այս վարկատեսակը տրամադրվում է պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական կառույցների ուսանողներին:

Հայաստանում ֆինանսական կազմակերպությունները, որպես սոց. պատասխաատվության ծրագիր, այս վարկատեսակը տրամադրում են ցածր տոկոսադրույքով՝ դրանով խթանելով կրթության տարածմանը:

Բիզնես վարկեր

Այս վարկատեսակը տրամադրվում է ձեռնարկատերերին կամ ընկերություններին նոր բիզնես սկսելու կամ առկա բիզնեսը զարգացնելու նպատակով: Բիզնես վարկերը Հայաստանում հատկապես պահանջված են փոքր և միջին բիզնեսների համար, քանի որ ցանկացած տնտեսական փոփոխության հիմնական կրողը նրանք են:

Վարկային գիծ

 Սա վարկային քարտերի միջոցով տրամադրվող վարկատեսակ է: Վարկային գիծը Հայաստանում այսօր մեծ տարածում չունի: Հիմնականում այն սահմանափակվում է կորպորատիվ փաթեթներով, երբ բանկերը վարկային գծի հնարավորություն են տալիս գործընկեր կազմակերպությունների աշխատակիցներին:

Լիզինգ

 Այս վարկատեսակի դեպքում ֆինանսական կազմակերպությունը ձեռք է բերում Ձեզ պատկանող գույքը: Այն թույլ է տալիս Ձեզ ժամանակավոր օգտագործել այն՝ նախօրոք գրավոր ձևով համաձայնեցված վճարի դիմաց: Նախապես համաձայնեցվում է նաև ժամկետը: Լիզինգը մյուս վարկատեսակներից տարբերվում է նրանով, որ ի տարբերություն մյուս վարկատեսակների՝ լիզինգի դեպքում ձեռքբերվող ապրանքի սեփականությունը պատկանում է այն տրամադրող ֆինանսական կազմակերպությանը:

Համաձայն ՀՀ օրենսդրության՝ վերը նշված վարկերի տեսակները բացի հիփոթեքային վարկերից  համարվում են սպառողական վարկեր, եթե չեն գերազանցում 10.000.000 ՀՀ դրամը:

Կարդացե՛ք նաև մեր գրառումը՝ ինչ են նշանակում տարեկան անվանական և փաստացի տոկոսադրույքները: