Չնայած առցանց դասընթացների պահանջարկը գնալով ավելանում է, Հայաստանում դեռևս կարծրատիպային մոտեցում կա շատերի մոտ:
Ահա մի քանի առասպելներ, որոնք առկա են առցանց դասընթացներ արտահայտության հանդեպ:
Առցանց դասընթացը վերջին հաշվով պարզապես տեղեկատվական բիզնես է:
Շատերը կարծում են, որ օնլայն դասընթացների դեպքում դասընթացավարները մեկը մյուսից վերցնում են նյութերը և բացի այդ, միշտ չէ, որ նրանք փորձառու են: Իրականում, այո, քիչ չեն անորակ դասընթացները, սակայն նման իրավիճակներից խուսափելու համար կարող եք օգտվել հայտնի համալսարանների դասընթացներից (Coursera, Lynda, Udacity և այլն): Նման հարթակներում, դասընթացները համեմատաբար թանկ են, սակայն լինում են զեղչեր: Բացի դրանից կան շատ կազմակերպություններ, որոնք մասնագետների որակավորումը բարձրացնելուն ուղղված դասընթացներ վարելու թույլտվություն ունեն: Նման դեպքերում ևս որակի հարցում կասկածներ ունենալու հիմքեր չկան:
Առցանց դասընթացները արդյունավետ չեն:
Ժամանակին հենց այդպես էր այնքանով, որ առցանց դասընթացներ վարելիս գործիքները սահմանափակ էին: Այսօր կան բազում ինտերակտիվ գործիքներ, ինչպես օրինակ վեբինարները, էլեկտրոնային առաջադրանքները, օնլայն թեստավորումը: Մեծ կորպորացիաները արդեն անգամ օգտագործում են AR/VR տեխնոլոգիաներ: Արդյունքում շատ հաճախ օնլայն դասընթացներ անցնելիս ընթացքը շատ ավելի ինտերակտիվ է լինում, քան դասարանային դասընթացների դեպքում:
Օնլայն դասընթացներ անելիս հնարավոր չէ հետևել ուսանողների կատարողականությանը:
Որակյալ դասընթացների դեպքում դասընթացի վերջում պարտադիր առկա է թեստավորում, որից հետո է միայն ուսանողներին հավաստագիր կամ դիպլոմ տրվում: Coursera կայքի դեպքում որոշ դասընթացների վերջում անգամ պետք է դիպլոմային աշխատանք գրել:
Առցանց դասընթացների հավաստագրերը ոչինչ են գործատուների համար
Սա կախված է կոնկրետ դասընթացից: Եթե Դուք որևէ համալսարանի կամ հավաստագիր ունեցող կազմակերպության դասընթաց եք անցնել, ապա դա շատ ավելի մեծ արժեք ունի, քան լոկալ թրեյնինգային կազմակերպությունների մոտ անցած դասընթացները: Բացի դրանից նման դեպքերում Դուք հնարավորություն ունեք նաև գրավելու միջազգային կամ արտասահմանյան կազմակերպությունների ՄՌ մասնագետների ուշադրությունը LinkedIn հարթակի միջոցով:
Լավ օնլայն դասընթացները թանկ հաճույք են
Շատ բան կախված է հենց Ձեզնից: Կան ֆինանսական աջակցություն ստանալու շատ ծրագրեր: Կարող եք թեստավորում անցնել և արդյունքում զեղչեր ստանալ: Բացի դրանից, շատ հաճախ զեղչեր են հայտարարվում տարբեր դասընթացների դեպքում: Կարևորը, որ ճիշտ պահին հայտնվեք ճիշտ վայրում:
Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ առցանց դասընթացներ անցնելու դեպքում Դուք գումար եք խնայում (նաև ժամանակ) տրանսպորտի և լանչերի անհրաժեշտությունից խուսափելու հաշվին: Չկա նաև տպագիր գրքեր գնելու անհրաժեշտություն:
Ահա, թե ի՞նչ անել, որ ազատ գրաֆիկով աշխատանք կարողանաք գտնել: