Ֆինանսական խարդախություններ: Ինչի՞ց խուսափել

1357
ֆինանսական խարդախություններ

Չնայած անվտանգության նկատառումներով իրականացվող տարբեր գործողություններին՝ գողերը միշտ մի քայլ առաջ են և ֆինանսական խարդախությունները անխուսափելի են: Այդ պատճառով կարևոր է, որ  տեղյակ լինեք ֆինանսական խարդախությունների տարածված տեսակներից:

  1. Մրցանակի շահում

Հաճախ համացանցում տարբեր կայքեր և ծրագրեր բացելուց գալիս է ծանուցում, որ Դուք ամսվա կամ օրվա հաջողակ այցելուն եք և շահել եք Iphone կամ մեծ գումար: Դրա համար կայքը պետք է հասկանա, որ գործ ունի իրական մարդու հետ, ինչի պատճառով պետք է մուտքագրեք Ձեր բանկային տվյալները, գուցե նաև անհրաժեշտ է, որ վավերականացնելու համար քարտից հանի X գումար:

Սա ֆինանսական  խարդախությունների ամենատարածված տեսակներից մեկն է: Ոչ մի դեպքում բանկային տվյալներ չմուտքագրեք:

  1. Պատահական Wifi

Երբեմն պատահում է, որ ինչ-որ տեղ պատահական բաց wifi եք տեսնում և անմիջապես միանում համացանցին: Սա խարդախության մեծ ռիսկ է իրենից ենթադրում, քանի որ շատ հաճախ ազատ համացանցի հետևում գողեր են, որ սկսում են փորփրել Ձեր համակարգիչը և ստանալ Ձեր գաղտնաբառերը, բանկային քարտի տվյալները և այլն:

Բացի տնից և աշխատավայրից, խորհուրդ ենք տալիս բաց համացանցից օգտվել միայն սրճարաններում, հյուրանոցներում և այլ վստահելի վայրերում:

  1. Անհավանական լավ առաջարկ

Անհավատալի էժան գնով iPhone-ի առաջա՞րկ եք տեսել: Հաճախ չենք ցանկանում կորցնել հնարավորությունը և անմիջապես մուտագրում ենք մեր տվյալները: Արդյունքում ֆինանսական խարդախության զոհ ենք դառնում, քանի որ մեր իսկ համաձայնությամբ տրամադրել ենք մեր ֆինանսական ինֆորմացիան:

  1. Կարիք ունեցող անձանց օգնություն

Հավանաբար շաբաթական գոնե 2-3 անգամ տան հեռախոսին զանգ եք ստանում բարեգործական ընկերությունից՝ առ այն, որ ինչ-որ երեխա հիվանդություն ունի և բուժման համար փող է պետք: Սրտացավությունը ողջունելի է, սակայն անպայման հարցրեք ընկերության անվանումը, կայքի հղումը, համոզվեք, որ գործ ունեք օրինական կազմակերպության հետ և որ իրոք գումարը կփոխանցվի փոքրիկի բուժմանը: Որպես կանոն՝ նման զանգերը հիմնականում ֆինանսական խարդախություններ են ենթադրում:

Քիչ չեն նաև նման բովանդակությամբ էլ. նամակները, որոնցում հիմնականում պատմում են, թե ինչպես են տուժել վերջերս տեղի ունեցած որևէ աղետից և Ձեր խղճի վրա ազդելով՝ գումար են խնդրում:

Ֆինանսական խարդախություններ. ինչպե՞ս խուսափել նման իրավիճակներից.
  1. Ունեցեք լավ հակավիրուսային ծրագիր Ձեր համակարգչի մեջ:
  2. Փոխեք տարբեր հարթակներում Ձեր գաղտնաբառերը առնվազն 3 ամիսը մեկ անգամ:
  3. Բանկային տվյալներով կիսվեք միայն վստահելի կայքերում:
  4. Բարեգործություն արեք այն կազմակերպությունների միջոցով, որոնց գործունեությանը տեղյակ եք:
  5. Հեռախոսի կարգավորումները դրեք այնպես, որ ավտոմատ Wifi-ի չմիանա:
  6. Եթե առաջարկը անհավանական լավն է, ապա հեռու մնացեք նրանից:
  7. Օգտվեք SMS ծառայություններից, որպեսզի քարտի շարժի դեպքում ծանուցումներ ստանաք:

Կարդացեք նաև մեր գրառումը՝  ինչպե՞ս անվտանգ օնլայն գնումներ անել: