Ֆինանսական կրթություն: Ինչի՞ց սկսել

1076
ֆինանսական

Ֆինանսական կրթություն արտահայտությունը շատերը ասոցացնում են տնտեսագիտական համալսարանում սովորելու հետ, սակայն պարտադիր չէ, որ ֆինանսական կրթվածություն ունենալու համար Դուք ստանաք համապատասխան համալսարանական կրթություն:

Ֆինանսական կրթվածությունը ենթադրում է բազային գիտելիքներ, ինչը կօգնի Ձեզ կայացնել ճիշտ ֆինանսական որոշումներ:

Ահա, թե ինչ գիտելիքներ են անհրաժեշտ ֆինանսական գրագիտության համար.

  1. Բյուջեի մենեջմենթ

Կյանքի ընթացքում կարևորագույն հմտություններից մեկը բյուջեի կառավարումն է: Բյուջեի մենեջմենթը մաթեմատիկական գիտելիքների հետ կապ չունի: Այսօր կան շատ ծրագրեր, որոնցից կարող եք օգտվել Ձեր ծախսերը վերահսկելու համար:

Եթե պատշաճ չեք կառավարում Ձեր բյուջեն, ապա դժվար է հասկանալ՝ որտեղից է գալիս և ուր է գնում Ձեր բյուջեն:

  1. Տոկոսադրույքներ

Կյանքի տարբեր փուլերում վարկ վերցնելու կամ ավանդ դնելու անհրաժեշտություն կունենաք: Դրա համար կարևոր է, որ հստակ հասկանաք՝ ինչ տոկոսագումարներ են գործում: Տարեկան անվանական տոկոսադրույք կամ վարկի ժամկետ ճշտելը շատ քիչ է վարկ վերցնելու նման կարևոր որոշում կայացնելու համար:

Վարկի կամ ավանդի պայմանները կարդալուց Դուք պետք է հստակ հասկանաք ու վելուծեք յուրաքանչյուր կետը:

  1. Խնայողություն

Խնայողությունը առողջ ֆինանսական դրության կարևորագույն կոմպոնենտն է, բայց մեզանից շատերը դրան չեն հետևում: Հաճախ մտածում ենք այսօրվա մասին և x ամիս անց նախատեսվող ծախսը թվում է, թե շատ հեռվում է:

Կարևոր չէ, թե ինչ կկարողանաք անել խնայած գումարով, կարևոր է խնայողության կանոններին տիրապետելը:

  1. Վարկային պատմություն

Հատկապես երիտասարդ տարիքում հաճախ չենք կարևորում վարկային պատմությունը: Դա սխալ մոտեցում է, քանի որ ոչ ոք չգիտի՝ արդյոք կունենա բավականաչափ գումար մեկ կամ երկու տարուց անսպասելի ծախս ի հայտ գալու դեպքում: Բանկերի և վարկային կազմակերպությունների վստահությունը վերականգնելը հեշտ չէ:

  1. Անձի ինքնության գողություն

Այսօրվա պայմաններում ամենահաճախ հանդիպող գողության դրսևորումներից մեկը անձի ինքնության գողությունն է: Մենք ապրում ենք թվային աշխարհում, կատարում ենք օնլայն գնումներ, վճարումներ և մեր ֆինանսների վերաբերյալ ինֆորմացիան շատ խոցելի է: Արդյունքում փոխվում է նաև ֆինանսական գրագիտության հանդեպ պահանջները, քանի որ այս բնագավառում բազային գիտելիքները, ինչպես օրինակ՝ ի՞նչ տեսակի գաղտնաբառերն են   անվտանգ, ի՞նչ ինֆորմացիայով կիսվել օնլայն, կպաշտպանեն Ձեզ օնլայն հարթակում:

Ցանկանու՞մ եք խորացնել Ձեր գիտելիքները այս ոլորտում: Կարդացե՛ք այլ հոդվածներ մեր Պատասխանատու վարկավորում բաժնից: