Երաշխավոր լինել: Ե՞րբ մերժել

607
երաշխավոր

Եթե Ձեր ընկերը կամ բարեկամը խնդրել է երաշխավոր լինել, մինչև համաձայնվելը խորհուրդ ենք տալիս երկար մտածել:

Նախ և առաջ հասկացեք, թե ի՞նչ վարկատեսակի է դիմում, ի՞նչ ժամկետով և որ ամենակարևորն է, ի՞նչ տոկոսադրույքներ և սպասարկման վճարներ են գործում տվյալ վարկատեսակի դեպքում:

Եթե Ձեր ընկերը կամ բարեկամը պատրաստվում է դիմել այս վարկատեսակներից մեկին, ապա խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում հրաժարվել երաշխավորությունից.

1.    Հիփոթեքային վարկ

Հիփոթեքային վարկի երաշխավոր լինելը շատերի համար բացասական ֆինանսական որոշում է դառնում: Այս ֆինանսական պարտավորությունը տևում է ավելի քան մեկ տասնյակ: Եթե վարկառուն չկարողանա այս կամ այն փուլում մարումներ անել, ստիպված կլինեք նրա փոխարեն Դուք մարել քանի որ վարկի հանդեպ Դուք կրում եք նույն պարտավորությունը, ինչ վարկառուն:

Միաժամանակ վարկի մարման ամբողջ ընթացքում վարկային բյուրոն ֆինանսական կազմակերպություններին ինֆորմացիա կտրամադրի այս վարկի մասին, ինչը կդիտարկվի որպես մեծ վարկային ծանրաբեռնվածություն Ձեզ համար:

2.    Բիզնես վարկ

Բիզնես վարկի դեպքում ևս խոսքը գնում է մեծ գումարի մասին: Այստեղ հիմնական ռիսկը կայանում է նրանում, որ բիզնեսի դեպքում ռիսկը մեծ է և կա հավանականություն, որ Ձեր հարազատի ռազմավարությունը չի աշխատի: Ինչպես և ցանկացած այլ երաշխավորության դեպքում, այս դեպքում էլ Դուք կրում եք նույն պատասխանատվությունը, ինչ վարկառուն:

3.    Ավտովարկ

Մարդիկ սովորաբար ավտովարկ վերցնում են 3-5 տարով: Այս վարկատեսակի դեպքում միշտ չէ, որ վարկառուն խորանում է իր վճարունակության մեջ, քանի որ հաճախ նոր ավտոմեքենա ունենալու գայթակղությունը երկրորդական պլան է մղում գինը: Այսպիսով հաշվեք՝ արդյոք կկարողանաք Դուք կրել ֆինանսական պարտավորությունը, եթե վարկառուն երբեմն անհրաժեշտ գումար չունենա:

4.    Չնվազող վարկ

Շատ բանկեր տրամադրում են վարկեր մայր գումարը ժամկետի վերջում մարելու հնարավորությամբ, ինչը նշանակում է որ ամեն ամիս վարկառուն վճարում է միայն տոկոսագումար և առկայության դեպքում սպասարկման վճար: Այս վարկը ռիսկային է այնքանով, որ եթե վարկառուն ժամկետի վերջում չկարողանա մարել վարկը, Դուք պետք է վերադարձնեք ամբողջ գումարը:

Հիշե՛ք՝ վարկի հանդեպ Դուք կրում եք նույն պատասխանատվությունը, ինչ վարկառուն: Երաշխավոր եղեք միայն այն դեպքում, եթե պատրաստ եք անհրաժեշտության դեպքում վարկառուի փոխարեն մարել վարկը:

Կարդացեք այլ գրառումներ Պատասխանատու վարկավորում շարքից: