ՃԱՄՓՈՐԴԵԼՈՒ՞ ԵՔ: ՊԼԱՆԱՎՈՐԵՔ ԲՅՈՒՋԵՆ

975
hangsti byuje

Ամբողջ տարին աշխատելուց հետո հավանաբար անհամբեր սպասում եք ամառային արձակուրդներին: Եթե Դուք պլանավորում եք երկրից դուրս հանգստանալ, ապա կարևոր է, որ թույլ չտաք ֆինանսական միջոցներին փչացնել Ձեր ճամփորդական հիշողությունները:

Ճանապարհորդության ընթացքում ռիսկերը բազմազան են: Բացի գողությունից և բանկոմատի հետ խնդիրներից, արտարժույթի փոփոխությունը ևս կարող է հանգեցնել գերծախսերի: Չմոռանանք, որ տեսարժան վայրերի և զվարճանքների բազմազանությունը նույնպես հաճախ պատճառ է հանդիսանում չնախատեսված ծախսերի համար: Այս բոլոր ռիսկերից հնարավոր է խուսափել, եթե մի քիչ ավել ժամանակ հատկացնեք հանգստի պլանավորման համար:

Ստորև ներկայացնում ենք մի քանի խոհուրդներ՝ գումարի կորստից և գերծախսերից խուսափելու համար.

Մասնատեք բյուջեն

Ուսումնասիրեք տվյալ երկրում ապրելու արժեքը: Պլանավորեք՝ ինչքան գումար եք ծախսելու սննդի, հյուրանոցի, տրանսպորտի և տեսարժան վայրերի տոմսերի վրա: Դուք շատ օգտակար ինֆորմացիա կգտնեք ինչպես լոկալ կայքերում, այնպես էլ գլոբալ ճամփորդական կայքերում (ինչպես օրինակ՝ tripadvisor.com, lonelyplanet.com): Չմոռանաք գումար հատկացնել նաև հուշանվերներին: Ունեցեք նաև հավելյալ գումար, քանի որ հանգստի ընթացքում անսպասելի ծախսերը, որպես կանոն, անխուսափելի են:

Կանխի՞կ, թե՞ անկանխիկ

Չնայած տեխնոլոգիական առաջխաղացումներին՝ շատ տեղերում կանխիկ վճարել հնարավոր չէ: Այդ պատճառով լավագույն տարբերակը Ձեռքի տակ և՛ կանխիկ, և՛ անկանխիկ գումար ունենալն է: Եթե Դուք հստակ գիտեք, որ կարող եք օգտվել բանկային քարտից, ունեցեք կանխիկ գումար առնվազն ժամանելու առաջին մի քանի ժամվա համար:

Բանկային քարտը բնականաբար ավելի ապահով է և թույլ է տալիս վերահսկել ծախսերը: Մինչև ճամփորդությունը պարտադիր ստուգեք քարտի վավերականության ժամկետը: Առհասարակ ճիշտ է 2 քարտ ունենալը, որպեսզի մեկի կորստի դեպքում Դուք կարողանաք օգտագործել մյուսը:

Տարադրամի փոխանակում

Եթե Ձեր ընտրած երկրում արտարժույթը տարբեր է, ապա ճիշտ է գումարը փոխանակել մինչև մեկնելը: Դրանով Դուք կխուսափեք տարադրամի փոխանակման կետերում անսպասելի անակնկալներից: Խորհուրդ ենք տալիս չօգտվել օդանավակայանների և հյուրանոցների փոխանակման կետերից, քանի որ նման վայրերում տարադրամի վաճառքի գները սովորաբար բավականին բարձր են:

Այսուհանդերձ, եթե գումար փոխանակելու կարիք ունենաք արտասահմանում, օգտվեք միջազգային ֆինանսական կառույցների ծառայություններից: Առհասարակ, ճամփորդության ամբողջ ընթացքում ընտրեք կենտրոնական վայրերում առկա բանկոմատներ և համոզվեք, որ տարածքում չկան ‹‹ընթերցող›› սարքեր:

Ինչպե՞ս պաշտպանվել գողերից

Գողությունից և գումարի կորստից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս գումարի հիմնական մասը պահել հյուրանոցում առկա անվտանգության պահարաններում:  Վերցրեք այնքան գումար, որքան Ձեզ անհրաժեշտ կլինի օրվա ընթացքում: Գումարը ևս մասնատեք մասերի և պահեք առանձին վայրերում, ինչպես օրինակ՝ գրպանում և դրամապանակում:  Դա գողության հետևանքները նվազեցնելու լավագույն տարբերակն է: Եթե միայնակ չեք ճամփորդում, ապա գումարը բաժանեք Ձեր և ուղեկցի միջև: Հիշեք, որ գումարից բացի պետք է ուշադիր լինել նաև փաստաթղթերի հանդեպ: Խորհուրդ ենք տալիս թե փաստաթղթերը, թե գումարը հնարավորինս մոտ պահել Ձեր մարմնին:

Հետևեք մեր խորհուրդներին և վայելեք Ձեր արձակուրդը, որպեսզի տուն վերադառնաք միայն դրական էմոցիաներով: