Ի՞ՆՉ ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ «ԱՆՎԱՆԱԿԱՆ» և «ՓԱՍՏԱՑԻ» ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

3636
tokosadruyq

Սպառողական վարկերի վերաբերյալ վարկատուները հրապարակում են երկու տոկոսադրույք` «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք»:

Տարեկան անվանական տոկոսադրույքը (ՏԱՏ) ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են տոկոսավճարների մեծությունը:

Վարկ ստանալու համար տոկոսագումարներից բացի հարկավոր է այլ ծախսեր կատարել, օրինակ՝ վճարել վարկ տրամադրելու և վարկը սպասարկելու համար միջնորդավճարներ, որոնք մեծացնում են վարկի իրական արժեքը:

Տարեկան փաստացի տոկոսադրույքն (ՏՓՏ) այն տոկոսադրույքն է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը՝ հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր ծախսերը:

ՏԱՏ և ՏՓՏ սահմանումները երբեմն շփոթություն են առաջացնում: Բացի դրանից, ՏՓՏ-ն լավագույն չափանիշը չէ կարճաժամկետ վարկերի հետ կապված ծախսերը հասկանալու համար: Այդ դեպքում առաջարկում ենք օգտվել կանխիկի մեթոդի կիրառությունից: Այն կօգնի հասկանալ և հաշվարկել այն գումարը, որը վարկի գծով ենթակա է վճարման: Վերոգրյալը դիտարկենք ստորև ներկայացված օրինակով: Ենթադրենք՝ Դուք վերցրել եք 100.000 ՀՀ դրամի չափով վարկ 12 ամսով: Վարկի ՏԱՏ-ը 24% Է, առկա է նաև 6% միանվագ տրամադրման վճար և 3% վարկի սպասարկման ամենամսյա վճար: Այդ դեպքում վարկի գումարի հետ մեկտեղ ընկերությանը վերադարձման ենթակա հավելյալ գումարը կկազմի 55.296 ՀՀ դրամ (6000 ՀՀ դրամ` վարկի միանվագ տրամադրման վճար, 13.296 ՀՀ դրամ` ՏԱՏ 24% -ի չափով տոկոսագումար և 36.000 ՀՀ դրամ` վարկի սպասարկման ամենամսյա վճար):